Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ռուս-ամերիկյան փառատոնի ընթացքում մրցանակի է արժանացել

Հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը Նյու Յորքում վավերագրական կինոյի «RUSDOCFILMFEST» ռուս-ամերիկյան 14-րդ անկախ փառատոնի ընթացքում ստացել է «Հումանիզմը ժամանակակից աշխարհում» մրցանակը, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։

Փառատոնի մրցութային ծրագրում ներառված էին ֆիլմեր Հայաստանից, Բուլղարիայից, Չիլիից, Վրաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից։ Բոլոր եվրոպական ժապավեններն ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին անգամ։

«Ֆիլմում պատմաբանները, գիտնականները և անվանի կինեմատոգրաֆիստները հեղինակի հետ մտածում են այն մասին՝ ինչ պատճառներ են հանգեցրել այդ հրեշավոր ողբերգությանը... Ինչու ցեղասպանության վկայությունները մինչև այժմ ստիպված են պայքարել ուսումնասիրված և լսված լինելու իրավունքի համար, և ինչպես են այդ իրադարձություններն ազդել ազգերի մասսայական ոչնչացման մյուս պատմությունների վրա ХХ դարում»,- ասվում է ֆիլմի համառոտ բնութագրում։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը 2018թ.-ի հուլիսին վավերագրական ֆիլմը ներկայացրել էր Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին, ավելի վաղ նշել էր, որ ֆիլմը պարտադիր պետք է հաղթի։ «Այս ֆիլմն արժանի է սեպտեմբերին «Էմմի» հաղթանակի ոչ միայն որպես հրաշալի պատմություն, այլև այն պատճառով, որ ուժեղ հարված է ցեղասպանության ժխտմանը,- հավելել էր Համբարյանը, տեղեկացնում է News.am։