ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԿՐԿՆԱԿԻ ԱՄՈԹԻ ՕՐ
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոյեմբերի 9-ի եռակողմ խայտառակության մեկ տարին նշանավորել ավելի ամոթալի երկու պայմանագրի կնքմամբ, որոնք վերջնականապես խաչ կքաշեն Արցախի վրա և կդնեն Հայաստան պետության հետհաշվարկի սկիզբը։ Եթե նրա մոտիվը լիներ անվտանգության ապահովումը կամ վերջնական խաղաղության հաստատումը, արժեր գնալ անգամ սատանայի հետ գործարքի։ Սակայն եթե սատանան առկա է՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի, մոտիվը ճիշտ հակառակն է՝ հայկական պետության դե յուրե լուծարման երկու պայմանագիր։
Թշնամին արբած է իր հաղթանակից և ձգտում է ստանալ առավելագույնը։ Մենք ոչ միայն չենք զգաստացել, այլև քաղաքական կամքի իսպառ բացակայությամբ՝ մոռացել ենք արժանապատվության մասին՝ տարվելով կեղծ խաղաղասիրական թեզերով։ Մեր հանրույթի հավաքական կենսակերպը բացարձակապես չի վերանայվել հետպատերազմական մեկ տարում, տնտեսությունն ու մեր ամենօրյա կենսագործունեությունը ոչ միայն չեն դրվել ռազմական ռելսերի վրա, այլև ճիշտ հակառակը՝ բանակի թվակազմը կրճատվում է, զինծառայությունն էլ աստիճանաբար վերածվում է պայմանագրայինի։
Այսկերպ մենք կարո՞ղ ենք հաղթել այս երկարատև, միգուցե հավերժական պատերազմում։ Թե՞ այլևս երբեք չենք անդրադառնալու անցյալի քննությանը, համակերպվելու ենք պատերազմի արդյունքների և շարունակաբար պարտադրվող նորանոր պարտությունների հետ։ 44-օրյա պատերազմը համեմատության քիչ եզրեր ունի Առաջին արցախյան պատերազմի հետ։ Ինչպիսի՞ն է լինելու ապագայի պատերազմը։ Եթե մենք դրա փոխարեն ընտրելու ենք խայտառակությունը, ապա, չարժե մոռանալ, այն ստանալու ենք նոր պատերազմի հետ միասին։
Արցախյան գոյամարտի ընթացքում պետությունը հաջողեց ճիշտ դնել կանոնավոր բանակի սաղմերը և երկրապահ ջոկատների հիմքի վրա՝ խորհրդային սպաների ու գեներալների ակտիվ ներգրավմամբ և ռազմական մտքի լուծումներով, հիմնել անկախ Հայաստանի Զինված ուժերը: Այսօր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բնավ պատկերացում չունի ոչ միայն բանակի հեռանկարային զարգացման, այլև անգամ կարճաժամկետ վերականգնման, սպառազինության գնման և զորքի համալրման տարբերակների մասին։ Մնում է թշնամու թեզերն սպասարկելով՝ խոսել բանակի օպտիմալացման մասին։
Սա այն դեպքում, երբ անգամ վերջին պատերազմից ու այդքան մեծաքանակ զենքի պարպումից հետո, միևնույն է, Ադրբեջանը մեծ թափով շարունակում է նորագույն սպառազինությունների ձեռքբերումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունն օր օրի ավելի է թեքվում թշնամու կողմ։ Մեր տարածաշրջանը սոսկալի ռազմականացված է, անգամ Սիրիայում կամ Լիբիայում ադրբեջանական զինանոցի զինատեսակները չեն կիրառվում:
Ո՞ւր է հայկական կողմի պրոակտիվ զինումը։ Ադրբեջանի մի քանի միլիարդ դոլարանոց գործարքներին ի՞նչ է հակադրում ՀՀ կառավարությունը՝ խաղաղասիրության և չկրակելու կոչե՞ր։ Մեր ոչնչացված զինանոցի մեծագույն մասը դեռևս թափուր է մնում և չի համալրվել, տարբեր հեռահարության հրթիռների, օդուժի, հակաօդային պաշտպանության զինատեսակների հարցում մենք անընդունելիորեն հետ ենք մնում թշնամուց:
Նախկինում երբեք Ադրբեջանն այսչափ սանձարձակ չի եղել իր վարքագծով, դա նախևառաջ սեփական հաղթանակի և Թուրքիայի կոշտ միջամտության արդյունքն է: Հայկական մեդիաիրականությունում ընդունված է Էրդողանին և Ալիևին ներկայացնել իբրև անկառավարելի և անհավասարակշիռ անձանց։ Մինչդեռ այդ երկու առաջնորդներն էլ միջազգային հանրության լռության պայմաններում տարածաշրջանային մեծ հավակնություններ են ցուցաբերում։ Մնում է հասկանալ՝ հայկական կողմն ու մեր միջազգային գործընկերներն ունա՞կ են զսպելու ագրեսորի ախորժակը։