ՈՉ ԹԵ ՆՈՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ, ԱՅԼ ԳԱՅԼ ՎԱՀԱՆԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ
Վաղմիջնադարյան հայ մի գործիչ կա, որի անունն իսպառ մոռացված է՝ Վահան Մամիկոնյան կամ Գայլ Վահան։ Նա Վարդան Մամիկոնյանի եղբորորդին էր և 5-րդ դարի երկրորդ կեսին փառահեղ կերպով ղեկավարել է Վահանանց պատերազմը՝ Ակոռիի, Ճարմանայի և Ներսեհապատի ճակատամարտերը, պարսից հետ կնքել Նվարսակի հաշտությունը, որով Հայաստանը ներքին անկախություն է ստացել։
Ի տարբերություն Վարդանանց պատերազմի և հատկապես Ավարայրի ճակատամարտի, որում կենսական էր հավատի պահպանումը, ոչ թե Հայաստանի ազատագրումը, և որում մենք պարտվեցինք, Գայլ Վահանը կարողացավ իրատեսորեն գնահատել մեր կարողությունները և իր բանակցային ու ռազմական տաղանդների շնորհիվ դարձավ հայոց տանուտեր։
Առասպելական Վարդան Մամիկոնյանի փոխարեն այսօր մեզ Գայլ Վահանի որակների տեր իշխանություն է պետք՝ նախնիների հերոսական գենը կրող, խորագիտակ և հեռատես։ Դրա համար պետք է իշխանության ոչ միայն ֆիզիկական, այլև բովանդակային փոփոխություն՝ ազգակործան այս վիճակից բռունցքված դուրս գալու հրամայականի գիտակցմամբ։ Քաղաքական էլիտայի փոփոխմանը զուգահեռ՝ լրջորեն պետք է վերանայվի նաև ռազմական էլիտան, պատեհապաշտ գեներալները պիտի փոխարինվեն գրագետ և խելացի ռազմագետներով, առաջին պատերազմի անտեսված զորահրամանատարներով:
Ցավոք, պատերազմն ու շարունակվող դիվանագիտական պարտությունները մեզ անասելի ծնկի են բերել՝ հար և նման 1920-ի նոյեմբերին Հայաստանում առկա հուսալքության տրամադրություններին։ Արցախի փաստաթղթային զավթումը կարող է վերջին մեխը դառնալ հայկական երազանքի հեռավոր, մշուշոտ իրականացման հարցում։ Այդ դեպքում անգամ նոր պատերազմի կարիք չի լինի, և մի քանի տարում Հայաստանն ուղղակիորեն կթյուրքացվի ժողովրդագրական և տնտեսական առումներով։
Ցավալիորեն, մեր պաշտոնաթող և նույնիսկ գործող զինվորականության մեծ մասը բանակի մասին խոսում է ափսոսանքի, երբեմնի փառքի, կորսված հաղթանակների և անցյալի հերոսությունների ծիրում: Մենք հավաքականորեն կորցրել ենք մեզ հատուկ ոգու արիությունը, իսկ այդ դեպքում, անգամ նորագույն սպառազինությունների ձեռքբերման պարագայում, նոր հաղթանակների և պատմական արդարության վերականգման հույս չենք կարող ունենալ:
Պատերազմի օրերին առկա խուճապի և տագնապի զգացողությունները փոխարինվել են մաշեցնող անորոշությամբ, որն ի զորու է ներսից հյուծելու, կազմաքանդելու մեր երկիրը։ Դեռևս երկար ժամանակ որդեկորույս ընտանիքների ցավը չի մեղմվելու, վերքերը չեն սպիանալու, բայց պատերազմից մեկ տարի անց նաև արթնացման և իրավիճակի սթափ գնահատման նշույլներ են նշմարվում։ Քաղաքական էլիտաների ճիշտ աշխատանքի արդյունքում այդ պոտենցիալ էներգիան կարող է ներսից եռալ։
Սեփական պատմության թեկուզ մակերեսային իմացությունը, ռազմի և դիվանագիտության հաղթանակների և պարտությունների, ավերիչ ասպատակությունների և պատերազմների շարանի մասին ունեցած գիտելիքը շատ հարցերի պատասխաններ կտա: Նախևառաջ այն, որ մեր պարտության համար նախևառաջ մենք ենք մեղավոր, և քանի դեռ քավարանով չենք անցել, չենք կարող ուղղել պատմական սխալը։ Եթե մեր վրեժն արդար է, ուրեմն չպետք է չարանանք, չպիտի կորցնենք մարդկային դեմքը՝ որպես ուղեցույց ունենալով մեր պատմության հին ու նոր կողմնորոշիչ անձանց։