Ադրբեջանական նոր սադրանք Սալոնիկում. Հայաստանի դեսպանությունը գործի է անցել

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ադրբեջանական կազմակերպությունները նոր քարոզչական սադրանք են սկսել, որն արդեն չեզոքացվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նոյեմբերի 26-ին քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում տեղադրվել է Բերձորի (Լաչին) պատկերով գովազդային պաստառ՝ «Լաչին` ադրբեջանական Շուշա տանող ճանապարհը» մակագրությամբ։

Դեսպան Մկրտչյանը հայտնում է, որ Աթենքում Հայաստանի դեսպանությունն անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրանքին։

«Հայաստանի Հանրապետության դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկար քարոզչական սադրանքները»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։