ԱՐՑԱԽԻ ԷՋԸ ՓԱԿՎԵՑ, ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔՆ Է

Որքան էլ վերջնագրային հնչեն թշնամու պահանջները, յուրաքանչյուր անելանելի վիճակից կա ելք, եթե որոշում կայացնողն, իհարկե, արժանապատիվ է ու սկզբունքային, ոչ թե նվաստ ու գլխիկոր։ Հաղթանակի կամ պարտության բանաձևը ոչ միայն և ոչ այնքան մեր սպաների ու զինվորների հերոսություններն ու սխրանքներն են, որքան սպառնալիքների և մարտահրավերների ճիշտ կառավարումը։ Խնդիրն առկա նվազ ռեսուրսներով խելացի և արդյունավետ պաշտպանություն կազմակերպելն է՝ օգտագործելով, օրինակ, արժեքավոր հետախուզական տվյալներ, ինչպես առաջին արցախյան պատերազմի ընթացքում էր։

Ադրբեջանցի զինվորը բնավ մեզնից խիզախ կամ հայրենասեր չէ, ընդամենը նրան տրվող մարտական խնդիրը և շտաբային աշխատանքը համաձայնեցված և ներդաշնակված են։ Օրինակ, թշնամին հմտորեն օգտվեց մեզ համար նոր զինատեսակներից՝ հարվածային և հետախուզական անօդաչուներից՝ դրանով կենդանի թիրախ դարձնելով մեր զորքերին։ Քաղաքացիական բնակչության, երբեմն անգամ զինվորականության շրջանում խուճախ և անորոշություն առաջացնելու նպատակով դիվերսիոն-հետախուզական խմբերով հայկական բնակավայրեր մտնելը, վարչակազմի շենքերի վրա սեփական դրոշը ծածանելն ու լուսանկարվելը, ինչպես, օրինակ, Հադրութում, 44-օրյա պատերազմի նորություններից էր։

Պարտությունից մեկ տարի անց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռևս որևէ նախադրյալ չի ստեղծել զորքերում բարոյահոգեբանական վիճակի բարձրացման և թշնամու տեղեկատվական դիվերսիաները կանխելու համար։ Այդ պատճառով Բաքուն շարունակում է խուճապ սերմանել մեր հանրության շրջանում, դրան գումարվում է իշխանությունների պարտվողական քարոզչությունը, օրինակ՝ հայկական բնակավայրերը թյուրքական անուններով կոչելը։ Ինչո՞վ է դա տարբերվում թշնամու ձեռագրից, երբ դեռևս պատերազմի օրերին թվարկվում էին իբր զավթված, սակայն իրականում գոյություն չունեցող կամ ավերված բնակավայրերի անուններ։

Արցախի էջի փակումից հետո թշնամին անցել է Սյունիքի հանդեպ ռազմական ոտնձգություններին, և նոյեմբերի 16-ի մեկօրյա սադրանքը վկայեց, որ այդ ճանապարհին պատրաստ է ամեն ինչի՝ կայծակնային պատերազմի, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, հեռահար հրետանիով մեր դիրքերի ոչնչացման։ Այդ տեղանքի ռելիեֆը ոչ թե հարթավայրային է, ինչպես Արաքսի հովտում, այլ լեռնային, և բլրաշատ բնական պատնեշների պարագայում հայկական կողմի համար դժվար կլինի, օրինակ, կրակե պարկ կազմակերպելով՝ թշնամու օկուպացիայից ազատել մեր զավթված հողակտորներն ու փախուստի մատնել նրան։ Սոչիի եռակողմ հանդիպմանն Ալիևի ակնարկը, թե դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ, հիմք է տալիս պնդելու, որ Սիսիանի տարածաշրջանի ուղղությամբ թշնամու արկածախնդրությունները շարունակվելու են։

Առայսօր 44-օրյա պատերազմում թշնամու ռազմական հաջողությունների և մեր զորքերի նահանջի կամ կորուստների պատճառները համակարգայնորեն գնահատված չեն։ Մինչդեռ դա ծայրաստիճան անհրաժեշտ է՝ Ադրբեջանին գերակայություն ապահովող տակտիկական գործոնները չեզոքացնելու կամ դրանք փոխհատուցելու համար։ Օրինակ, չկա պաշտոնական որևէ վերլուծություն, թե ինչ կոնկրետ դերակատարում են ունեցել թուրքական Զինված ուժերի Գլխավոր շտաբի հարյուրավոր գեներալներն ու սպաները պատերազմի ծրագրման, ղեկավարման և իրականացման հարցում։ Քանի որ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանը Թուրքիայի հետ պատրաստվում է երկխոսել, այս հանցավոր դրվագն, ըստ ամենայնի, մոռացության է մատնվել։