Կիրո Մանոյան Հայ դատի աշխատանքների համար կարևոր է, որ այս իշխանությունները փոխվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանությունների կեցվածքը պատերազմից հետո անցած մեկ տարվա ընթացքում, շատ երկրների մոտ ստեղծել է տրամադրություն, որ այդ հարցն իրենց շատ չի վերաբերվում. Եթե Հայաստանն իր շահերը չի պաշտպանում, մենք ինչու պետք է պաշտպանենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ իր խոսում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքականհյարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:


Նա հիշեցրեց, որ դեռևս 2009-ին, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները և այն ժամանկվա նախագահ Սերժ Սարգսյանը շրջագայում էր Սփյուռքի գաղթօջախներով, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը շատերի ներկայությամբ Սերժ Սարգսյանին ասել էր. «Ձեզ ով է իրավունք տվել մեր վաստակածը մսխելու»: «Այսօր էլ մենք ստիպված ենք որպես Հայ դատի հանձնախմբերի ցանց, ասելու իշխանություններին, որ դուք չեք կարող, իրավունք չունեք հարվածելու ոչ միայն մեր այսօրվա անվտանգությանը, այլև մեր վաղվա իրավունքը: Այսօրվա մեր դժվարություններից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունների կեցվածքը և մեր կեցվածքը տարբեր են: Դրա համար մենք անհանգիստ ենք, որ Վաշինգտոնից մինչև Գերմանիա դեսպաններ են նշանակված մարդիկ, որոնք դիվանագիտական ասպարեզում փորձ չունեն»,-ասաց Մանոյանը:

Նա նկատեց, որ եթե մինչև վերջերս Արցախի ճանաչման ուղղությամբ պետք է համոզեին մարդկանց, որ եթե չճանաչեք Արցախի անկախությունը, մարդկանց կյանքի ֆիզիկական սպառնալիք կա, հիմա արդեն համոզելու կարիք չկա, Ադրբեջանն ամեն օր դա ապացուցում է:

«Հայ դատի աշխատանքների համար կարևոր է, որ այս իշխանությունները փոխվեն, որովհետև պարզ է, որ իրենք իրենց քաղաքականությունը դեպի դրականը փոխելու ոչ ունակություն ունեն, ոչ էլ ցանկություն.,-ասաց նա, տեղեկացնում է News.am: