Մհեր Գրիգորյան․ Ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որևէ «միջանցքի» տրամադրում

Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» հարցմանն ի պատասխան՝ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:

«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Իսկ ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը, ըստ փոխվարչապետի, դեռ քննարկվում են։

Հավելենք, որ Սոչիում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի «տրանսպորտային միջանցքը» իրականություն է դառնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։