Արցախի թեմի առաջնորդ․ Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ

Թշնամու վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիր ուխտագնացությունը մայիսից դադարեցված է: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Այսօր մեր հոգևորականներն իրենց լիարժեք ծառայությունն են մատուցում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Անշուշտ, ամեն մի հոգևորականի համար հաճելի և հոգևոր այն պահն է, երբ աղոթք է անում, թեքվում դեպի արևմուտք խաղաղություն տալու, կցանակա տեսնել ժողովուրդ: Եթե եկեղեցին դատարկ է, իրենք էլ մի տեսակ այն կացության մեջ են, որ ուզում են մեկ օր առաջ տեսնել իրենց հավատացյալ զավականերին: Փորձում ենք ամեն ինչ անել, բայց, անշուշտ, առայժմ ոչինչ չի ստացվում»,- ասաց Վրթանես Սրբազանը:

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով, հոգևորականների կյանքը վտանգված չէ, որովհետև այնտեղ են ռուս խաղաղապահները:

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ դեռ հոկտեմբերին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ասել էր Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ, 6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը, Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ: Եթե մենք ասենք, որ ազատ է ելքն ու մուտքը, ճիշտ չենք ասի: Եթե Դադիվանքը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, կնշանակի՝ մուտքն ու ելքը դժվար է:

Ինչ վերաբերում է Դադիվանքի հոգևորականներին, նրանց հետ առնչվող հարցերին, փորձում ենք անհնարը հնարավոր դարձնել, որպեսզի նրանք կարողանան իրենց կենցաղային, բժշկական և այլ հարցեր, որոնք կապված են Երևանի, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ, կյանքի կոչեն»: