«ՔՊ»-ը պատրաստվում է բողոքարկել որոշ ընտրատեղամասերի արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, պատրաստվում է 29-րդ ընտրատարածքի` շուրջ 41 ընտրական տեղամասից թվով 25 խոշոր ընտրատեղամասում բողոքարկել արդյունքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում 1 մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները։ Ներկայացնելու ենք նաև վերահաշվարկի դիմումներ»,– նշել է Պետրոսյանը։

Նա ընդգծել է, որ նման որոշում են կայացրել` վերլուծելով տարբեր ընտրատեղամասերից իրենց վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։