ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն անհարմար հարցին ի պատասխան լրագրողին մեղադրեց «հանցագործության» մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դուք հիմա սուտ մատնություն գործեցիք, ինչի համար քրեական գործեր կան, և Ձեր հայտարարությունը կավելացվի դրան: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյո՞ք պատրաստ է հանուն ԵՊՀ-ի հրաժարվել բուհի ռեկտորի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելուց՝ գրագողության մեջ մեղադրանքների պատճառով։

             

Նրա խոսքով` լրագրողը սովոր է ամենուր երևալ ու փչացնել միջոցառումները: Նա պարզաբանեց, որ ասվածին ավելացնելու ոչինչ չունի։ «Մենք գիտենք, թե որտեղից են Ձեզ ուղորդում և որտեղից եք ֆինանսավորում ստանում: Դուք հայտնվում եք` սկանդալներ հրահրելու համար: Դուք և ձեզ այստեղ ուղարկածները վաղուց վարկաբեկել եք ԵՊՀ-ն և շարունակում եք դա անել՝ ի տարբերություն մեզ, ով ամենօրյա աշխատանքով փորձում է բարձրացնել բուհի հեղինակությունը, որքան էլ փորձեք կանխել դա»,- ասաց քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով խոսքի ազատության ջատագովն էր ընդդիմություն լինելու ժամանակ, տեղեկացնում է News.am-ը: