Մոսկվան դեմարկացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում

Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատումն են: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակտիվ աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելով։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ջանքերը նույնպես շարունակվում են: Զախարովան հավելել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: