Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

Ծանր կորուստների հանգեցրած դաժան պատերազմը մեզ ոչ թե մոտեցրեց Արցախի կարգավիճակի և անվտանգության օրինաչափ լուծմանը, ինչպես հուսադրում էին «խաղաղության» ջատագովները, այլ ամբողջովին մշուշների մեջ ներառեց այն։ Ստեղծվել է միջազգային հարաբերությունների մեջ նախադեպը չունեցող մի զավեշտալի, միաժամանակ դաժան իրավիճակ, երբ քաղաքացին իր երկրի ճակատագրի մասին իրազեկվում է ոչ թե «բարձրաձայն» արտահայտվելու համարձակություն չունեցող սեփական իշխանության պատասխանատուներից, այլ թշնամուց։ Խիստ հակասական, անորոշ տեղեկատվության և հետագա հնարավոր զարգացումների մասին մեր հարցերին է պատասխանում Հանրապետության վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

-Ադրբեջանի նախագահն օրեր առաջ մի փաստաթուղթ հաստատեց, որը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, կոչվում է «Ադրբեջանի կառավարության և Իրանի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին։ Ադրբեջանի Ինքնավար Հանրապետություն Իրանի տարածքով»։ Որքան գիտեմ, դա Ադրբեջանի առաջին միջպետական փաստաթուղթն է, որտեղ հիշատակվում է «Արևելյան Զանգեզուրը»։ Կարո՞ղ է Բաքուն այն հետագայում որպես Զանգեզուրի տարածքային պատկանելության «ապացույց» օգտագործել:

-Այս հուշագրի մեջ էականը ոչ այնքան անվանումն է, որքան այդ պայմանավորվածության ակունքները, Հայաստանին ուղղված ակնարկներն ու ակնկալիքները։ Վերջին հաշվով, իրենք կարող են մեկնաբանել, որ խոսքը այս պահին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին է, և հենց այդ նկատառումով էլ օգտագործել են «տնտեսական շրջան» եզրույթը։

Ի՞նչ եք կարծում, Իրանը կարո՞ղ է համաձայնվել, որ իր տարածքը դառնա միջանցք՝ Ադրբեջանի արևտմյան հատվածները, իմա՝ Ադրբեջանն ու Թուրքիան միանան և Մեծ Թուրանի գաղափարը մեկ անչափ կարևոր քայլով կյանքի կոչվի։ Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դա չի բացառվում, ապա առնվազն հետևում են հետևյալ եզրահանգումները և հարցադրումները՝ ա) Ադրբեջանը, ըստ էության, ձեռք կբերի Մեղրու միջանցքի այլընտրանք և հընթացս կփորձի Հայաստանի իշխանությունների կողմից ընձեռնված հնարավորությունների՝ միջպետական ճանապարհների վրա անբեկանելի վերահսկողություն ձեռք բերելու ուժով նվազագույնի հասցնել ոչ միայն կոմունիկացիոն կապը Իրանի հետ, այլև Հայաստանի բնակավայրերի միջև, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է տարածքների հայաթափմանը, բ) Ադրբեջանը պետք է, որպես ողջամիտ փոխզիջում, կոմունիկացիոն կապ ապահովի Իրանի համար՝ առնվազն Նախիջևանի միջոցով և բարելավի եղած կապը Կասպից ծովով։ Սա հետապնդում է նաև Նախիջևանի և Հայաստանի միջև արդեն արևելյան ճանապարհների վերականգնման հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու նպատակ, քանի որ Իրանն էլ իր հերթին իբր կնախընտրի Հայաստանի հետ կապ հաստատել ավելի կարճ ու բարվոք ճանապարհով։

Բոլոր դեպքերում, ես խիստ կասկածում եմ, որ Իրանը կգնա այդպիսի փոխզիջումների՝ անկախ դրանց արտաքուստ գայթակղիչ լինելուն։ Ադրբեջանը սոսկ դիվանագիտական հնարամտությամբ խաղեր է տալիս, որպեսզի Հայաստանի բնակչությունը վերջնականապես կոտրվի, կորցնի դրական ակնկալիքի որևէ հույս և Մեղրու միջանցքն ընկալի իբրև անխուսափելի միջոց, փրկություն, ինչին, ցավոք, ձգտում են նաև հայրենական իշխանությունները։

Մեր խնդիրն այսօր սեփական հողի վրա ամուր կանգնելն է, չհուսահատվելը և սեփականությունը թուրքերին ու ադրբեջանցիներին կոպեկներով չվաճառելը։ Ցավոք, այս հարցում պետական աջակցության մասին մտածելն անգամ անմտություն է, հույսը մեր ազգային ինքնագիտակցությունն է։

-Պարոն Դանիելյան, նախ, անդրադառնանք, այսպես կոչված՝ «Կրակի դադարեցման մասին» հայտարարությանը, որի մի քանի կետերով Հայաստանը ներկայացնող վարչապետը, ըստ էության, կապիտուլյացիոն պարտավորություններ է ստանձնել, հընթացս Հայաստանին առաջին անգամ ներկայացնելով, որպես հակամարտող կողմ, ինչը երբեք չի ամրագրվել որևէ միջազգային փաստաթղթով, այդ թվում՝ ՄԱԿ֊ի Գլխավոր վեհաժողովի բանաձևերով։ Արդյո՞ք դա չի ստեղծում ազգային ինքնորոշման իրավունքը զուտ միջպետական բախումներով վերափոխելու անհերքելի նախադրյալներ։

-Այդ հայտարարություն կոչված փատաթուղթը, ցավոք, սոսկ «թուղթ» չէ, ինչպես սիրում են անտեղի կրկնել ոմանք, դա միջազգային պայմանագիր է՝ անկախ անվանումից։ Ուրիշ խնդիր, որ վերջինս որևէ իրավական ուժ չունի, քանզի չի վավերացվել Ազգային ժողովի կողմից, ինչը Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմպերատիվ պահանջն է։ Ես իմ գիտակից կյանքում ավելի մեծ թյուրիմացության, քան այդ փաստաթուղթն է, չեմ հանդիպել։ Իսկ երբ պարզ դարձավ, որ անգամ այդ խղճուկ փաստաթուղթը չի գործելու, այլ լրացուցիչ զիջումներ են նախատեսված չհրապարակված արձանագրություններով, արդեն պատկերը դարձավ ամբողջական։

Նկատենք, որ այդ «թուղթ» կոչվածը բավարար հիմք եղավ, որպեսզի «օրինականացվեն» Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձանց, իրենց իսկ բնակավայրերից բռնի ուժով վտարելու և կայքն ու ունեցվածքը բռնազավթելու համար, ինչի արդյունքում մենք ունեցանք կրկնակի փախստականներ։ Խոսքն այն մասին է, որ այդ մարդկանց մի զգալի մասն արդեն իսկ բռնագաղթել էր Սունգայիթից, Բաքվից, Գանձակից և այլ ադրբջնական բնակավայրերից։ Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեղի էր ունենում Հայաստանի աջակցությամբ, ընդհուպ՝ տրանսպորտային միջոցներ տրամադրելով, թեպետ՝ արդեն այնպիսի անվերահսկելի ու չկարգավորված վիճակ էր, որ անգամ դա ընկալվեց իբրև անխուսափելի, մինչդեռ՝ հարկ էր «թղթով» հստակ կարգավորել այդ մարդկանց անվտանգ բնակությունը, ոչ թե անվտանգ տարհանումը։

Այո, այդ փաստաթղթով հստակ ու արդեն միանշանակ ամրագրվեց, որ Հայաստանը ոչ թե պարզապես շահագրիգիռ, այլ հակամարտության կողմ է։ Ընդ որում, նույնիսկ այդ իրավիճակում, երբ Հայաստանն ամբողջովին ստանձնել էր միակ հակամարտողի դերը, արդեն տրամաբանորեն կարող էր պահանջել, որ գոնե իրեն ճանաչեն, որպես Արցախի ինքնորոշման իրավունքի երաշխավոր, սակայն որևէ ակնարկ այդպես էլ չեղավ, իսկ ներկայումս ամեն ինչ արվում է այդ պարզագույն, միջազգային իրավունքի նորմերին խիստ համահունչ պահանջը որևէ կերպ չշոշափելու համար։ Անգամ ի հայտ եկան պետական այրեր, որոնք մտածում են, թե դրա մասին բարձրաձայնելը իբր խաթարում է բանակցային գործընթացի բնականոն ելքը։ Հարգելիներս, Առանց Արցախի կարգավիճակի բանակցային գործընթացի մասին խոսելն է անգամ անիմաստ ու անարժանապատիվ, ուր մնաց թե մտածենք ելքի մասին։ Առանց այդ էլ, մենք «բարեխղճորեն» իսպառ մոռացել ենք ռազմագերիների հարցը, պատերազմում հենց Թուրքիայի անմիջական մասնակցության (նկատի ունեմ գոնե վարձու ահաբեկիչներ ներգրավելու անհերքելի փաստը) հարցը և այլն։

-Այժմ ակտիվորեն քննարկվում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի հարցը։ Ի շարունակություն նախորդ հարցի՝ սա Ադրբեջանի կողմից այդքան ցանկալի հակամարտությանը Հայաստանի անմիջական մասնակցության հերթական «հաստատումը» չի՞ լինի։ Կարո՞ղ է Ադրբեջանը հետագայում օգտագործել այս փաստաթուղթը միջազգային դատարանում, որտեղ սպառնում է փոխհատուցում պահանջել իբր հասցված վնասի համար, թեև պատերազմը հենց Ադրբեջանի ագրեսիայի արդյունքն էր։

-Որ Հայաստանն արդեն ընկալվել է իբրև հակամարտության կողմ, արդեն անժխտելի փաստ է, նոր փաստերի կարիք չկա։ Ինչ վերաբերում է նյութական փոխհատուցումների պահանջին, Ադրբեջանն առայժմն այդ լծակը կիրառում է որպես վախի մթնոլորտ ստեղծելու և նորանոր զիջումներ կորզելու հնարք։ Անշուշտ հիշում եք, որ պատերազմի ավարտից արդեն օրեր անց 50 մլրդ դոլարի պահանջի մասին էր Ալիևը ակնարկում, ինչի համատեքստում տարածքային զիջումները իբր տրամաբանական էին ընկալվում, քանի որ դրանից հետո վերջինս որոշ ժամանակ լռեց։

Իսկ գործնականում հայկական կողմը վնասների հատուցում պահանջելու շատ ավելի լուրջ հիմքեր ունի, ուղղակի այդ ոլորտում բացակայում է պետական աջակցությունը։ Ընդ որում, ինքս խոսել եմ նաև օտարերկրյա ներդրողների հետ, որոնք սկզբնական շրջանում ահաբեկվել էին Ադրբեջանի իշխանություններից ստացված անհիմն գրություններով, սակայն հիմա պատրաստ են ևս փոխհատուցում պահանջելու, քանզի գրավյալ տարածքներում բռնազավթել, հափշտակել են նաև միլիոնների հասնող իրենց ունեցվածքը նույնպես։

Իսկ խաղաղության պայմանագիրը մեծագույն խաբկանք է, դրա բուն իմաստը Արցախի հարցը մեկընդմիշտ օրակարգից հանելն է, ինչը չափազանց անմիտ քայլ է, քանզի Հայաստանը մեծագույն ցանկության դեպքում անգամ իրավասու չէ որոշում կայացնել արցախահայության փոխարեն։ Հիշենք, որ խոսքը ազգային ինքնորոշման իրավունքի մասին է, ինչն իրացվում է բացառապես հանրաքվեի միջոցով, ոչ թե որևէ պաշտոնյայի հայեցողությամբ կամ զիջումներով։

-Հայաստանի իշխանություններն ասում են, որ պաշտոնական Երևանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և հղում են ԱՊՀ ստեղծման համաձայնագրին։ Փաստաթղթում նշվում է «գոյություն ունեցող սահմաններում» ճանաչումը։ Միաժամանակ պնդվում են, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվի ԽՍՀՄ քարտեզների համաձայն, թեև հանրապետությունների միջև սահմանները բազմիցս ճշգրտվել են։ Արդյո՞ք այստեղ չկա հակասություն:

-Դե դա Արցախի կարգավիճակն օրակարգից հանելն արդարացնելու խղճուկ փորձ է։ Նախ, որևէ կապ չունի տարածքային ամբողջականությունը ազգային ինքնորոշման իրավունքի հետ։ Եթե ընդունում եք պետության տարածքային ամբողջականությունը, ապա դա բնավ չի նշանակում, որ երբևէ թույլ չեք տալու, որպեսզի այդ պետության տարածքում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրացվի ազգային ինքնորոշման իրավունքը, և, ինչպես արդեն ասացի՝ անգամ դրա իրավասությունը չունեք, դա արցախահայության բացառիկ իրավունքն է։

Մենք հայրենական իշխանությունից ակնկալում են գեթ մեկ հստակ, որոշակի քայլ՝ բանակցային գործընթացում առանցքային համարել այն, որ Արցախում Հայաստանը հանդես կգա ազգային ինքնորոշման իրավունքի երաշխավոր, իսկ Ադրբեջանը ձեռնպահ կման այդ իրավունքի իրացմանը որևէ կերպ խոչընդոտելուց։

Ինչ վերաբերում է իբր տարածքային պահանջներ չներկայացնելու Ադրբեջանի «մտահոգություններին», ապա դա սոսկ հիմնական խնդրից շեղելու և սեփական տգետ օրակարգը թելադրելու պրիմիտիվ հնարք է։ Ցավոք, մեզանից շատերը խայծը կուլ են տալիս և սկսում լրջորեն քննարկել Ադրբեջանի 5 կետերը։ Հարգելիներս, մինչև դուք երրոդական հարցերը քննարկեք, ձեր անգործությունը կարող է հանգեցնել արդեն Արցախի հայաթափմանը։ Թեպետ՝ այս հարցում արդեն լիահույս եմ, որ վատ կանխատեսումները կյանքի չեն կոչվի։ Առիթից օգտվելով, ողջունում եմ այսօր՝ ապրիլի 13֊ին, Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը։ Այո, Արցախի ճակատագրի հետ կապված որևէ առանցքային հարց, առավել ևս ազգային ինքնորոշման իրավունքի իրացում, իրավասու չէ լուծելու ցանկացած պաշտոնյա, մանավանդ, որ այս երկու տարիներին անհասկանալիորեն և խիստ վտանգավոր սցենարով առկախվել է միջազգային պայմանագրերի վավերացման սահմանադրական հիմնադրույթը։

-Շատ է խոսվել, որ Ադրբեջանը ոչ թե ԱԽՍՀ-ի իրավահաջորդն է, այլ իրեն առաջին հանրապետության իրավահաջորդ է հռչակել։ Այդ դեպքում Ադրբեջանը կարո՞ղ է հավակնել տարածքին ԱԽՍՀ-ի սահմաններում։

-Ոչ, չի կարող, ուստի հարկ է սահմանազատման և սահմանագծման գործընթացի ողջ փուլում զերծ մնալ դիլետանտ պահվածքից։ Այ սա է հենց այն ոլորտը, որտեղ չի կարելի նախապես անհիմն մտքեր բարձրաձայնել, որից հետո զիջումները դառնում են անխուսափելի։ Անչափ կարևոր է, որ չդրսևորվի որևէ շտապողականություն, իսկ աշխատանքներին ներգրավված լինեն միջազգային վստահելի մասնակիցներ։ Զուտ քաղաքական կտրվածքով հասկանալի է Ադրբեջանի շտապողականությունը, բայց պետք է վերջապես ղեկավարվել միջազգային իրավական չափանիշներով, ոչ թե պահի ու գործընկերների հարմարավետությամբ։ Որևէ անգամ այսպիսի հարցերը մի քանի ամիսների ընթացքում չեն լուծվել, մանավանդ, որ խոսքը խիստ վիճահարույց տարածքային խնդիրների մասին է։ Ավելին, բանակցային գործընթացի առնչությամբ պաշտոնական հայտարարություններից բխում է, որ մենք իսպառ անտեսում են Հայաստանին պատկանող անկլավների հարցը և այլն։

Հակիրճ արտահայտվեմ՝ եթե մենք շարունակելու են վերացական բարեկամական խաղերը, նույն խաղաղ ճանապարհով կհանձնենք տարածքներն այնպես, ինչպես ժամանակին հանձնեցինք Նախիջևանը և անվերադարձ մոռացանք մեր Հայրենիքի մի չքնաղ հատվածի մասին։

-Ընդունված է գրեթե որպես նախատինք չճանաչված հանրապետություններին «ինքնահռչակ» անվանելը։ Արդյո՞ք ճիշտ է դա անել՝ հաշվի առնելով, որ բոլոր երկրները, այդ թվում՝ մեծ տերությունները, հենց իրենք են իրենց հռչակել:

-Միանգամայն ճիշտ եք։ Նախ, Արցախում արդեն իսկ իրականացվել է ազգային ինքնորոշման հիմքով պլեբիսցիտ, ինչն օրինական էր նաև խորհրդային Սահմանադրությամբ և օրենքներով։ Հետևաբար, մեզ ոչինչ չի կաշկանդում ճանաչելու այդ պետությունը։ Չենք անի մենք, ապա բարոյական իրավունք էլ չենք ունենա Արցախի ճակատագրի առնչությամբ որևէ դատողություն անելու կամ նեղացածի կեցվածք ընդունելու։ Միայն մի դեպքում մենք կարող ենք, որպես մեծագույն փոխզիջում, համաձայնվել նոր հանրաքվեի հետ, եթե Ադրբեջանը անվերապահորեն ընդունի նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելով ժամկետները և ընդգրկվող տարածքը։ Նկատի ունեմ, որ այն պետք է ընդգրկի առնվազն Շուշին և Հադրութը։

Մեր դժբախտությունն այն է, որ այդպես էլ չհասկացանք «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության ոչ միայն սնանկությունը, այլև խիստ վտանգավոր բնույթը։ Ընդամենը պետք էր ընկալել մի պարզ հարց, ըստ որի՝ ոչ թե մենք տարածքային պահանջատիրությամբ ենք ղեկավարվում, այլ պաշտպանում ենք մեր հայրենակիցների ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը, ուստի կարող ենք և պարտավոր ենք ձևակերպել հետևյալը «Հայաստանը Արցախում ազգային ինքնորոշման երաշխավորն է, Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը»։ Այս ձևակերպումից բնավ չի բխում, թե Արցախը ինքնորոշման իրավունքի ուժով դառնում է «Հայաստան, և վերջ»։

- մի անչափ կարևոր վերապահում. վարչապետը Ազգային ժողովում մի անչափ անսովոր հայտարարություն արեց, ըստ որի՝ եթե անգամ չլիներ պատերազմ, արդյունքը նույնը կլիներ, մենք անխուսափելիորեն պետք է գնայինք նույն զիջումներին:

Ավելի անհաջող, միաժամանակ՝ ցավալի ու անհիմն արտահայտություն չէի լսել: Մի կողմ թողնենք, որ պատերազմը ոչ միայն տարածքային, այլև մարդկային անգնահատելի կորուստների միակ պատճառն էր, որ հետևանքները մենք տասնամյակներ շարունակ զգալու ենք: Երբ այս իշխանությունը ի սկզբանե իր քաղաքական գաղափարախոսության առանցքը հռչակեց նախկիններին ամեն գնով սևացնելը, ցանկացած հարցում միայն նրանց մեղավոր հանելը (ընդ որում, այս այս ակցիային սահուն միացան բազում հնագույն և նորագույն նախկիններ), շատերը կարծում էին, որ անփորձություն է, երկար չի տևի, վերջապես ինչքա՞ն կարող եք ձեր անգործությունը, ունակությունների իսպառ բացակայությունը և Սահմանադրությունն ու օրենքները շրջանցելու գործելաոճը քողարկել «նախկինների» հանդեպ ֆոբիայով: Բայց պարզվեց, որ այդ պրիմիտիվ գայթակղությունը անվերջ է, և հիմա էլ զիջումները, այդ թվում ապագայում ծրագրավորված՝ ևս իբր նախկիններն են հաստատել բանակցային գործընթացներում, ինչը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի:

Իսկ այժմ անդրադառնանք զուտ իրավաքաղաքական ասպեկտով: Ձեր հարցին պատասխանեմ՝ ոչ, արդյունքը ոչ միայն զուտ տարածքային ու մարդկային, այլև բարոյահոգեբանական կտրվածքով երբեք նույնը չէր լինի: Պատերազմը, դրանից հետո անհասկանալի իրավիճակում հարյուրավոր զինվորների գերեվարումը, իրենք վերադարձը սոսկ մաս-մաս կազմակերպելը, գերեզմաններ այցելելու սահմռկեցուցիչ տեսարանները և նմաբնույթ այլ գործոնները մարդկանց, հատկապես հայ մոր ինքնագիտակցության մեջ սերմանեց աննախադեպ վախ, տագնապ, որպիսի պարագայում ցանկացած զիջում՝ հանուն սուտ խաղաղության, ընկալվեց իբրև ոչ թե անմիտ, կործանարար քաղաքականություն, այլ փրկության ակցիա: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր, քանզի կոտրվել է հայ մարդու դիմադրողականության անհրաժեշտ ոգին:

Իրավական ասպեկտով անգամ համեմատությունն է անիմաստ: Զուտ բանակցային գործընթացի հենքով երբեք չէին լինի այնպիսի զիջումներ, ինչպիսիք էին Շուշին, Հադրութը, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի գյուղերը, Քաշաթաղի միջանցքը և Քարվաճառը, Գորիս-Կապան 21 կմ հատվածը, չէին բռնազավթվի արդեն Հայաստանի տարածքները, կպահպանվեր բանակի մարտունակությունը, չէինք ունենա հսկայական չափերի հասնող ֆինանսատնտեսական կորուստներ և այլն:

Վերջապես, ոչ մի զիջում չէր արձանագրվի, քանի դեռ գոնե փուլային տարբերակով չէր հաստատվի Արցախի ինքնորոշման իրավունքի անարգել իրացումը:

Մարիամ Լեվինա, News.am