Դուք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու. զոհվածների հարազատները կրկին ակցիա են անում

Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են դատախազության առջև և չեն պատրաստվում հեռանալ, մինչև իրենց կարգավիճակի հարցը չլուծվի և դատախազությունը որոշում չկայացնի։

Նրանք պահանջում են, որ իրենց զավակներին տուժածներ, իսկ իրենց էլ` տուժածների հարազատներ ճանաչեն։ Դատախազությունը հայտնել էր` ծնողների միջնորդությունը բավարարվել է, և միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։

Զոհված զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ եթե երթերի, ցույցերի նշանաբանը «Զարթնի՛ր, լաո»–ն է», ապա իրենց լաոներն այլևս չեն զարթնելու, հետ չեն գալու։

«Դուք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու, քանի որ թշնամին կոտորեց նրանց մեր ներքին թշնամու պատճառով։ Զարթնեք և եկեք, կանգնեք մեր կողքին»,–ասաց կինը։

Նշենք, որ որոշում կայացնելու ժամկետն օրենքով լրանում է մայիսի 2-ին, սակայն ծնողների խոսքով` իրենց խոստացել էին երեկ պատասխան տալ, ձգձգեցին, որպեսզի ոչ աշխատանքային օրերը մեջտեղ ընկնեն։

«Սա ծածկադմփոցի պահ է. մեզ ասում են` ուրբաթ կլինի պատասխանը, հետո էլ, թե երկուշաբթի։ Պետք է մեզ այսօր պատասխան տան, չենք գնալու ոչ մի տեղ»,–ասաց զոհվածներից մեկի հայրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։