Հանուն քաղաքացիների. դատավորների աշխատավարձը 50-80%-ով կբարձրանա

Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահն ու դատավորները կստանան աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները (այդ թվում՝ դատարանի ու պալատի նախագահները)` 50 տոկոսի չափով:

Այսօր կառավարության նիստում օրենսդրական նման առաջարկ ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախապես գիտի, թե այդ առաջարկներին ինչ կերպ է արձագանքելու հասարակությունը։

«Շատ մարդիկ ասելու են` այս ծանր իրավիճակում բռնում եք ու ՍԴ ու Վճռաբեկ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Ինչպես նախկինում այսօրինակ որոշումների քննարկման ժամանակ ասել եմ` մենք այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, որոնք առնչվում են այդ դատավորների հետ»,- ասաց Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ` այսկերպ ՀՀ-ում կլինի դատական այնպիսի համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին և ոչ թե ձեռքերին։

Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արդարադատության նախարարության առաջարկած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերին:

Օրինագծերն առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի դատին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։