Ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ շենքում են. նրանք փոխնախարարի հետ են զրուցում

Ընդդիմադիր պատգամավորներն այժմ շրջում են ԱԳ նախարարության շենքում` վանկարկելով «Արցախ»։ Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել, և երևում է` ինչպես են պատգամավորները բարձրախոսով հայտարարում` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ի դեպ, առաջին հարկում բոլոր սենյակները դատարկ են։ Պատգամավորները ԱԳՆ շենքի պատուհանից ներքևում իրենց սպասող քաղաքացիներին հայտնեցին, որ նրանց պատգամն են պատրաստվում փոխանցել ԱԳՆ–ին։

«Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող ուրանալ, Արցախի ժողովրդի անկախությունն այլընտրանք չունի»,–ասացին պատգամավորներն ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։

Պատգամավորները պնդում էին, որպեսզի պաշտոնյան վստահեցնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չպատասխանեց։ Պատգամավորներն Արցախի դրոշի կպչաթուղթը փակցրին փոխնախարարի կոստյումին։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նշեց, թե պետք է արձանագրել` արտաքին գործերի փոխնախարարը չի կարողանում կրկնել «Ադրբեջանը չի լինելու Արցախի կազմում» արտահայտությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Հավելենք, որ մինչ պատգամավորները զրուցում էին Սաֆարյանի հետ, ներքևում սպասող քաղաքացիները վանկարկում էին «Արցախ»։