Վճռաբեկը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքները

Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների վճռաբեկ բողոքները։

«Դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունենք՝

1. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները,

2. Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված, Բ. Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը, գործը ուղարկվում է դատարան»,– գրել է նա:

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել դատավոր Բորիս Բախշիյանին։ Մայիսի 7-ին նա ազատ էր արձակվել։

Դատավորը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

News.am