Մինասյան․ Գործող իշխանությունների օրոք ոչ մի ընտրություն թույլ չի տա հաղթահարել քաղաքական ճգնաժամը

Ավելի քան վստահ եմ, որ գործող իշխանությունների կողմից անցկացված ոչ մի ընտրություն չի կարող լինել ազատ ու արդար, և չի կարող հանգեցնել Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամի հաղթահարման։ Այս մասին հունիսի 23-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց ՀՀԿ-ի նախորդ տարվա դիրքորոշումը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն հանգեցնի քաղաքական ճգնաժամի հաղթահարման, և իշխող ուժն ամեն ինչ կանի, որ տպավորություն ստեղծվի, որ ժողովուրդն իրեն մանդատ է տալիս։ «Պարզվեց, որ մենք ճիշտ էինք, բայց ընտրությունների գնալու բոլոր հիմնական ուժերի որոշման ֆոնին ՀՀԿ-ն չէր կարող իր համախոհներին մենակ թողնել և չմասնակցել»,- հավելեց Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլև էլ ավելի խորացրին այն։

Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ խնդիրների լուծմանը կարելի է հասնել ժամանակավոր կառավարության ձևավորման միջոցով, որն էլ պետք է կազմակերպի ընտրությունները։

«1,5 ամիս անց հասարակական դիմադրությունը թևակոխում է կազմակերպչական նոր փուլ՝ փորձելով կապ հաստատել բնակչության բոլոր շերտերի հետ։ Այս ընթացքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա մենք պատրաստվում ենք համախմբել հանրությանը և երկիրը տանել ազգի համար սպառնալիք հանդիսացող այս չարիքից ազատագրման ճանապարհով։ Պետք է ներգրավել այնպիսի թվով մարդկանց, որոնք ոչ միայն դուրս կգան հրապարակներ, այլև անհանդուրժողականության մթնոլորտ կստեղծեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր նպաստում են այս գործընթացի արգելակմանը»,- եզրափակեց նախկին պատգամավորը։

News.am