Կարող են լինել նոր ցնցումներ. ԱԻՆ-ից հորդորում են խուճապի չմատնվել

Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ–ից, այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով:

«Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր երեք երկրաշարժ է գրանցվել։

Առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07։36–ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Երրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10:14-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Newsarmenia.am