Երևանի մետրոպոլիտենը նոր ղեկավար ունի

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Սահակ Վարդանյանը մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ էր նշանակվել երկու ամիս առաջ` հունիսի 3-ին, Երևանի քաղաքապետի որոշմամբ։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի նոր որոշմամբ` Սահակ Վարդանյանին մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ–ի պաշտոնում կփոխարինի ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Սեդրակյանը։ Սեդրակյանը բարձրաստիճան ոստիկան է, գնդապետ: Նա ՀՀ ոստիկանության օպերատիվ որոնողական վարչության պետն է, ոստիկանության կոլեգիայի, ինչպես նաև ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ:

2018թ–ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Դուբայում անշարժ գույք ունեցող մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների մասին, որոնց թվում ներկայացված էր նաև Բաբկեն Սեդրակյանի ու նրա կնոջ ունեցվածքը:

Մեկ տարի անց դատախազությունը լրատվամիջոցին հայտնել էր, որ ներկա և նախկին պաշտոնյաների մասին հրապարակման նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։