Արծվիկ Մինասյան. Բռնություններով իրավապահները գործ չհարուցեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բազմաթիվ խոշտանգումների և բռնությունների դեպքերով իրավապահ մարմիններն այդպես էլ ոչ միայն քրեական գործեր չհարուցեցին, այլ նաև փորձեցին հարուցվածների շրջանակներում ծածկադմփոցով արագ անցում կատարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

 


«Առ այս պահը որևէ ոստիկան, իրավապահ համակարգի որևէ աշխատակից, որը իր ծառայությանը բնորոշ վարքագիծ չի դրսևորել, ինչի հետևանքով բռնության են ենթարկվել ԱԺ պատգամավորները, քաղաքացիները, պատժված չեն»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ պատգամավորն անդրադառնալով «Դիմադրություն» շարժման մայիսի 18-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ իր նկատմամբ ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը՝ ասաց, որ այս ընթացքում երկու քննչական գործողություն է իրականացվել.

«Առաջինը՝ լրացուցիչ բացատրություն, երկրորդը՝ առերեսում երկու ոստիկանի մասնակցությամբ։ Մենք ներկայացրել ենք իրեղեն ապացույց՝ տեսաձայնագրությունը։ Գործի քննությունն ընթանում է, սակայն ես լիահույս չեմ, որ բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտման դեպքում քրեական պատասխանատվություն կկրեն։ Այդ անձինք, որոնք այդ դրվագներում կան, անգամ նրանց ծառայողական պարտականությունները չեն կասեցվել»։

Ըստ պատգամավորի՝ ոչ միայն իր, այլ նաև մյուս ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառված բռնության գործերը տեղում դոփում են. «Անգամ պարզ էլ չէ՝ մեր գործընկերների դեպքերի մասով արդյո՞ք կան հարուցված գործեր, թե՞ չկան։ Դատախազությանը, Քննչական կոմիտեին ուղղված մեր բոլոր հարցումները որևէ լուրջ պատասխաններ չկան։ Երբ պատգամավորները հրավիրվում են այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունների, ավելի շատ քննարկումը գնում է որպես վկա»։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրավապահ համակարգը սպասարկում է քաղաքական իշխանության ցանկությունները.

«Ուզում ենք նաև միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս դեպքերի վրա։ «Դիմադրություն» շարժման շրջանակներում այսինքն՝ ապրիլից սկսած մինչև մայիսի վերջը 2500-ից ավելի անձ ապօրինի բերման է ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող շուրջ 150 անձ այս պահի դրությամբ անցնում է տարբեր քրեական գործերով՝ որպես կասկածյալներ կամ մեղադրյալներ, 50-ից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է ազատությունից զրկման գործողություն՝ թե ձերբակալման, թե կալանավորման տեսքով»։