Հիվանդանոցներում մոտ 100 քաղաքացի է բուժվում. Նանուշյանը` ՀՀ–ում COVID-19-ի դեպքերի մասին

ՀՀ հիվանդանոցներում ներկա պահին COVID-19–ով վարակված ավելի քան 100 քաղաքացի բուժում է ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Մի պահ քովիդի սրացում կար, նույնիսկ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ սպասում էինք, որ հիվանդության աճ կգրանցենք։ Ներկա պահին վիճակը կայունացել է, և նոր դեպքերի թիվն էլ նվազում է»,– նշեց Նանուշյանը։

Նրա խոսքով` բուժում ստացողների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է, կան նաև արհեստական շնչառության սարքին միացված քաղաքացիներ, արձանագրվում են նաև մահեր։

Փոխնախարարը շեշտեց, որ կանխարգելիչ ամենակարևոր միջոցառումը շարունակում է պատվաստումը մնալ։

Հարցին, արդյոք Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կարիք չունի, Նանուշյանն ընդգծեց` ներկայում նախարարությունն ամբողջությամբ ապահովված է, սակայն կարիքի դեպքում կան բոլոր լծակները դրանք ձեռք բերելու համար։