3 տեղից վիրավոր տղաս զանգել, բացատրել է, թե որտեղ է թաքնվում. ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա են անում։ Զինծառայողը սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության ներքո է, և հարազատները պնդում են, որ նրա տեղը գիտեն։

 


«Մեր զինվորը 3 տեղից վիրավոր է` գլխից, ոտքից, թևից։ 9 ամսվա զինծառայող է։ Նրան սեպտեմբերի 12-ին տարել են Ներքին Հանդ, իսկ հաջորդ օրը պատերազմն սկսվել է։ Սեպտեմբերի 15-ին մեր երեխան զանգել է, ընկերոջը բացատրել, թե որտեղ է։ Ու հիմա ոչ մի քայլ չի արվում` պաշտպանության նախարարությունն ասում է, որ ադրբեջանական կողմը չի թույլատրում մտնել այդ տարածք»,–ասաց զինվորի հայրը` Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով` ՊՆ–ն հայտնել է, որ բանակցություններ են վարում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնել այդ տարածք։

Հարազատները հայտնում են, որ առանց տեղանքին ծանոթ լինելու` իրենք մոտակա անտառներում 4-5 օր փնտրել են Վահեին։ Նրա ծառայակիցներից շատերը ողջ չեն։

19-ամյա զինվորի հարազատները հայտնում են, որ եթե այսպես շարունակվի, պատրաստ են նաև Արմավիրի ճանապարհը փակել։

Sputnik Արմենիա