Պեսկով․ Ռազմական հատուկ գործողությունը հակաահաբեկչական օպերացիայով փոխարինելու որոշում չկա

Ռազմական հատուկ գործողությունը հակաահաբեկչական օպերացիայով փոխարինելու որոշում այս պահին չի ընդունվել: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարցի շուրջ բանակցելու առաջարկներ չի ստացել Արևմուտքից, հստակություն դեռ չկա, պետք է հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել արդյունքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնարավոր է` Ռուսաստանի ու Արևմուտքի չորս երկրների միջև բանակցություններ անցկացվեն Ստամբուլում։ Հայտնի էր դարձել, որ Թուրքիան մտադիր է կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հանդիպումը։ Այս առաջարկը Վաշինգտոնին է փոխանցվել դիվանագիտական խողովակներով։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել միջուկային հռետորաբանությանը, որը վերջին շաբաթներին թեժացնում են Արևմուտքում:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի կիրառման դեպքում կդառնա «օրինական թիրախ»:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հասցեին հնչող սպառնալիքներին և նրա անվտանգության ապահովմանը` Պեսկովն ասել է «Նախագահի անվտանգությունը պատշաճ մակարդակով է իրականացվում։ Հաշվի են առնվում բոլոր սպառնալիքները»:

Կրեմլում չեն համաձայնել Ավստրիայի այն հայտարարությանը, որում մեղադրանք է ուղղվում Ռուսաստանին և կոչ է արվում դադարեցնել ուկրաինական ենթակառուցվածքների գնդակոծումը:

Պեսկովը նշել է, որ Ավստրիան նման հայտարարություններ անելու իրավունք չունի, քանի որ իր հայտարարությունում չի նշել, որ Ուկրաինան նույնպես հարվածներ է հասցնում ՌԴ ենթակառուցվածքներին։

Sputnik Արմենիա