ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԺ-ի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունները

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին ու նրան ներկայացրել Հայաստանի դեմ ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործությունները։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձել է ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

«Ընդգծվել է միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Sputnik Արմենիա