ԳԱՂԹ

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը արժանապատվորեն ինտեգրել արցախցի փախստականներին:

Հերթական անգամ տարածք կորցնելով՝ ժողովրդագրական սուր խնդիրներ ունեցող Հայաստանը հնարավորություն ստացավ գոնե ինտեգրելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց։ Արդեն բոլորի համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակչությունից լավագույն դեպքում կմնա նվազագույն և էկզոտիկ ազգային փոքրամասնություն՝ մի քանի հազար մարդ, իսկ Հայաստան միանգամից կտեղափոխվի աշխատանքային ռեսուրսների լուրջ զանգված՝ ավելի քան 100 հազար փախստականներ։ Կօգտվի՞ արդյոք կառավարությունը թեկուզ ողբերգական իրադարձությունների բերումով ստեղծված հնարավորությունից...

ՓԱՇԻՆՅԱՆՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՁԱԽՈՂՎԵՑ ԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄԵՋ։ Հիշեցնենք, որ դեռ մի քանի օր առաջ նա նշաններ էր նկատել, թե Արցախի բնակչությունը կարող է անվտանգ մնալ ապրելու իր տներում, իր հողում, բայց կառավարությունը համենայն դեպս ժամանակավոր կացարաններ էր նախապատրաստել 40 հազար մարդու համար։ Սակայն, ընդամենը մի քանի օր անց, Փաշինյանի նախորդ վերլուծական կանխատեսումը փոխարկվեց ճիշտ հակառակի. իր իսկ խոսքերով՝ Արցախում շուտով չի մնա ոչ մի հայ:

Այսօրվա դրությամբ Արցախում մնացել է ոչ ավելի, քան 30 հազար մարդ, այսինքն՝ նախկին բնակչության մեկ քառորդը, բայց նրանք էլ, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կհեռանան։ Այսպիսով, Փաշինյանի կառավարությունը, որը երբեք չի կարողացել իրատեսական կանխատեսումներ անել, այս անգամ էլ կանգնեց փախստականներին ընդունելու և տեղավորելու իր հնարավորությունների սաստիկ գերագնահատման դաժան փաստի առջև: Պատահական չէ, որ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է բռնի տեղահանվածների խնդիրները, ի պատասխան առճակատ հարցին, թե ի վիճակի՞ է արդյոք կառավարությունը ապահովել բոլոր փախստականներին թեկուզ պարզունակ ժամանակավոր կացարանով, բացահայտորեն դեսուդեն է ընկնում ու խուսափում հստակ բան ասել, չցանկանալով պատասխանատվություն ստանձնել անիրատեսական խոստումների համար:

Այլ հարց է աշխատանքի տեղավորումը։ Փաշինյանի շինծու լավատեսությունը, որը համարում է, թե աշխատաշուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, և Հայաստան եկածները կարող են արագ աշխատանք գտնել այստեղ, քչերին կարող է խաբել։ Հայաստանի աշխատունակ բնակչության բացարձակ մեծամասնությունը տքնում է բառացիորեն գրոշների դիմաց, այնպես որ իշխանությունների կողմից մշտապես հայտարարվող «արժանապատիվ» աշխատանքի և բարեկեցիկ կյանքի մասին խոսք անգամ չկա։

«Հետք» գործակալության ղեկավար Էդիկ Բաղդասարյանն ահազանգեց, որ իշխանությունները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում Արցախի Պաշտպանության բանակի Հայաստան տեղափոխված նախկին սպաների նկատմամբ, որոնք ունեն ռազմական հմտություններ և մարտական գործողություններ վարելու փորձ: Եվ միայն դրանից հետո ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան՝ համաձայնեց, որ վատ չէր լինի նրանց ներգրավել ՀՀ ՊՆ կառույցներում:

Այս առումով անհրաժեշտ է նշել «Տաշիր» հիմնադրամի կարևոր նախաձեռնությունը, որը ոչ միայն ապաստան է տրամադրում փախստականներին, այլև պատրաստ է հոգ տանել Սամվել Կարապետյանի տեղական բիզնես կառույցներում նրանց աշխատանքի տեղավորելու մասին: Մասնավորապես, կարել իմացողներին աշխատանքի հնարավորություն կընձեռվի «Տաշիր» ընկերությունների խմբի տեքստիլ արտադրամասերում։ Անչափ ցանկալի է, որ այդ նախաձեռնությանը լայնորեն միանա գործարար համայնքը։

Չմոռանանք նաև, որ Ռուսաստանում նույնպես առկա է ժողովրդագրական սուր իրավիճակ, և քանի որ արցախցիները պատմականորեն շատ ավելի կապված են հենց Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հետ, ապա միանգամայն հավանական է նրանց հետագա գաղթը հենց այնտեղ։

Ի դեպ, սեպտեմբերի 28-ին հայտնվեց աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող UC Rusal-ի հաղորդագրությունը, որը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից փախստականներին «բարձր որակավորում ունեցող վերաբնակների տեղափոխման, ադապտացման և Ռուսաստանում իր արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի տեղավորման հարցում»: Ընկերությունում իրենց որոշումը բացատրեցին «հումանիտար ծանր իրավիճակով», որում հայտնվել են ղարաբաղցիները։ Փախստականների համար բացվել է աշխատանքի տեղավորման թեժ գիծ, իսկ հաղորդագրության մեջ նշված են (UC) Rusal միավորված ընկերության Երևանում տեղակայված «դստեր»՝ «Ռուսալ Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանի հեռախոսահամարները, որոնցով կարելի է տեղեկանալ առաջարկի մանրամասներին և դիմում ներկայացնել: Նշենք, որ UC Rusal-ի հիմնական գործարանները գտնվում են Սիբիրում։

Այսպիսով, արցախյան աշխատանքային ռեսուրսի «որսը» արդեն սկսվել է։ Ցավոք, Հայաստանում փախստականների նախորդ ալիքների ընդունման և տեղավորման պրակտիկան լավատեսության առիթ չի թողնում։ Տեղահանվածներից շատերը, սկզբնական փուլում հայտնվելով Հայաստանում և չստանալով այստեղ ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ, այնուհետ տեղափոխվում են այն երկրներ, որտեղ ըստ արժանվույն կգնահատեն իրենց փորձն ու գիտելիքները: Դժվար թե Փաշինյանի կառավարությունը բացառություն դառնա, մանավանդ որ այդ մարդկանց փախստական է դարձրել մեծ հաշվով հենց ինքը, և այսօրվա իշխանությունների համար բնավ ցանկալի չէ իր կողքին ունենալ ամեն ինչ կորցրած, ուստի դժգոհ ու պայթյունավտանգ զանգված։