ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ

Վերնագրում ստորակետը կարելի է դնել ըստ ճաշակի: Իհարկե, ողջամիտ մարդիկ կնախընտրեն դնել դա երկրորդ բառից հետո, բայց այն քաղաքական գործիչները, որոնցից հիմնականում կախված է ստորակետի տեղը, հիմնականում այնքան էլ չունեն ողջամտության հետ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին հնչեցնում է հայտարարություններ, որոնք բազմաթիվ փորձագետներ համարում են հակասական: Մի կողմից՝ խոսում է Ադրբեջանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին, մյուս կողմից՝ որ Ադրբեջանի պահվածքը վկայում է պատերազմի նախապատրաստվելու մասին։

Իրականում այստեղ հակասական բան առանձնապես չկա, եթե ելնենք այն պարզ դրույթից, որ Բաքուն իսկապես դիտարկում է տարածաշրջանում հնարավոր նոր ահագնացման սցենարը, եթե ... Եթե Փաշինյանից չստանա ցանկալիի նոր չափաբաժինը խաղաղ ճանապարհով։ Այսպես ասած՝ կամավոր-հարկադիր սկզբունքով։

Հենց այդ պատճառով էլ Իլհամ Ալիևը խուսափում է Վաշինգտոնում և Բրյուսելում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից, որպեսզի չկաշկանդի իրեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը տխրահռչակ Ալմա-Աթայի հռչակագրով նախորոշված սահմաններով ճանաչելու նախկինում տված բանավոր խոստումներով։

Ի՜նչ մեծ հույսեր էր կապում Փաշինյանը դրա հետ։ Այնքան մեծ, որ հանուն այդ ճանաչման նույնիսկ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս՝ փաստացի լրջորեն հեշտացնելով Բաքվի կողմից հայկական տարածաշրջանի էթնիկ զտումը։ Իսկ հիմա ահավասիկ Բաքուն մլուլ է տալիս։ Ինչո՞ւ պիտի Ալիևը ինչ-որ բան ստորագրի Փաշինյանի հետ, եթե Արցախը առանց այդ էլ ստացավ։

Փաշինյանին խաղաղության պայմանագիրը պետք է, որպեսզի ներկայացնի որպես իր դիվանագիտական հաղթանակ։ Իսկ Ալիևի ինչի՞ն է պետք դա։ Առավելևս՝ ճանաչել այն սահմանները, որոնք Ադրբեջանն արդեն խախտել է սահմանամերձ մի շարք մարզերում։ Այլ բան է, եթե խաղաղության պայմանագրով Ալիևը էլի ինչ-որ բան ստանա։ Օրինակ՝ անկլավները։ Օրինակ՝ դրույթ, որը նախատեսում է փախստականների վերադարձի հնարավորություն «Արևմտյան Ադրբեջան»։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը Ալիևը հետագայում կարող է օգտագործել որպես ահագնացման առիթ։

Փաշինյանը հասկանում է, որ Ալիևը փաստացի մատների վրա խաղացրեց իրեն՝ ինչպես ամենավերջին հարիֆի։ Եվ Հայաստանի վարչապետն այսօր ձգտում է ստանալ արևմտյան կառույցների ամեն տեսակի աջակցությունը՝ թափանցիկ ակնարկելով, որ հենց նրանց պատճառով է հայտնվել հերթական քաղաքական մեծ կղանքի մեջ։ Իսկ Արևմուտքի աջակցության դիմաց Փաշինյանը քայլ առ քայլ դադարեցնում է շփումները ՀԱՊԿ-ի հետ՝ միաժամանակ կոչ անելով կազմակերպության անդամներին այնքան էլ չնեղանալ իրենից դրա համար։

Արևմտյան կառույցները հանդես են գալիս Ալիևին դատապարտող հայտարարություններով, նույնիսկ պատրաստ են ոչ այնքան ահեղ սպառազինություն տալ Հայաստանին։ Բաքուն դրան արձագանքում է առավելապես «իսկ մենք թքած ունենք» ոգով։ Քանզի Բաքվում հասկանում են, որ Ալիևի նկատմամբ ավելի էական գործողություններ Արևմուտքը չի ձեռնարկի։ Չէ՞ որ Ադրբեջանի թիկունքին սարի պես կանգնած է Էրդողանը, թուրքական երկու պետությունների բանակները պարբերաբար զորավարժություններ են անցկացնում, որոնցում մշակվում են առավելապես հարձակողական բնույթի գործողություններ։ Կարճ ասած՝ Թուրքիան ու Ադրբեջանը միասին լուրջ ուժ են, իսկ Արևմուտքում սովոր են հարգել ուժը։ Եվ ցանկություն չկա նոր թշնամիներ ձեռք բերել մեր խռովահույզ ժամանակներում։

Իսկ եթե այդպես է, ապա Ալիևը կշարունակի մուկնուկատու խաղալ Փաշինյանի հետ՝ կախված թողնելով այն հարցը, թե այնուամենայնիվ որտե՞ղ դնել ստորակետը վերնագրում։ «Ինչո՞ւ չփորձել էլի ինչ-որ բան պահանջել Փաշինյանից, իսկ պայմանագիր ստորագրել միշտ էլ կհասցնենք»,-այսպես կամ մոտավորապես այսպես են մտածում Բաքվում։