Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ 2025-Ի ՍԿԶԲԻՆ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025 թվականի սկզբին պարզ կդառնա Ռուսաստանի ապագան Հարավային Կովկասում: Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց APRI Armenia-ի հետազոտող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։

 

Փորձագետը նշել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը բարենպաստ դիրքեր ունենա Ուկրաինայում, Բաքվի վրա ճնշում գործադրելու և Արցախում իր շարունակական ներկայությունն ապահովելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն։

Մելքոնյանի կարծիքով՝ Արցախում Ռուսաստանի ներկայությունը կախված է նրանից՝ կհաջողվի՞ արդյոք վերադարձնել հայերին այնտեղ, թե ոչ, իսկ դա կախված է նրանից, թե Ռուսաստանի Դաշնությունը ինչպես կկարողանա ազդել Ադրբեջանի վրա։

«Սիրիայում Ռուսաստանը զսպեց Թուրքիայի՝ երկիր ներթափանցելու և այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերը, մինչդեռ Ադրբեջանի հարցում նման մոտեցում չկար։

Բայց անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկարողանա Արցախ վերադարձնել 10 հազար հայի՝ անկախ Ադրբեջանի ցանկությունից։

2016 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում առանձին նշվել է Ղարաբաղի հարցը, իսկ 2023 թվականի նույն փաստաթղթում անգամ Անդրկովկաս եզրույթը չկա, այլ կա ընդհանուր հասկացություն՝ մերձավոր արտասահման։

Բայց առանձին-առանձին կան Հարավային Օսիան և Աբխազիան՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի հենակետեր»,- ընդգծել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ ռուս-հայկական հարաբերությունները անդառնալի կետին դեռ չեն հասել։

Միաժամանակ Մելքոնյանը հիշեցրել է Փաշինյանի խոսքերը, որ պետք է հասկանալ, թե ինչպիսի կազմակերպություն է ՀԱՊԿ-ը.

«Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե անվտանգության երաշխավոր է, այլ՝ սպառնալիք։

Ըստ ամենայնի, ներքին տեսանկյունից դա նշանակում է մտավախություն, որ Ռուսաստանը, հաշվի առնելով իր ռազմական ներկայությունը, կարող է հեղաշրջում իրականացնել Հայաստանում։

Արտաքին տեսանկյունից դա կարելի է հասկանալ, որ ռուսական ռազմական ներկայության առկայությունը Թուրքիայի համար խնդիր է»,- նշել է Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարող է դուրս չգալ երկկողմ փաստաթղթից, բայց իրավիճակը աստիճանաբար դե ֆակտո կարող է հանգեցնել նրան, որ երկրում, այդ թվում՝ սահմանին, ռուս սահմանապահներ չեն լինի։

«Սա կարող է ձեռնտու լինել Արևմուտքին այն առումով, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում կկրճատվի, իսկ Ռուսաստանին՝ այն առումով, որ Հայաստանը դուրս չի գա պայմանագրից, ուստի հետագայում հնարավոր կլինի վերադառնալ այս հարցին։

Նույնը կարող է լինել Գյումրիի ռուսական ռազմակայանի դեպքում»,- ընդգծել է Մելքոնյանը։

Փորձագետը չի տեսնում որևէ ցուցանիշ, որը ցույց կտա, որ Հայաստանը Ռուսաստանի համար էքզիստենցիալ նշանակություն ունի։

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը միայն Հայաստանում ռազմական ներկայություն ունի ՆԱՏՕ-ի երկրի (տվյալ դեպքում՝ Թուրքիայի) սահմանների մոտ, որը սահմանակից չէ հենց Ռուսաստանին։ Սա հնարավորություն է ընձեռում վերահսկելու թուրքական զորքերի տեղաշարժը։

Բացի դրանից, Հայաստանից Սիրիա չվերթեր իրականացնելը շատ հարմար է։ Էլ չասած, որ ներկայությունը Հայաստանում նշանակում է ներկայություն Վրաստանի հարավում։

Ընդ որում, մենք նույնիսկ այն երկրների առաջին եռյակում չենք, որտեղից Ռուսաստանը վերաարտահանում է իրականացնում այլ երկրներ։ Հետևաբար, նույնիսկ այս հարցում Հայաստանն առանձնապես կարևոր չէ Ռուսաստանի համար, ինչպես կարծում են շատերը։

Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կգործեն հենց Ռուսաստանի դեմ և կհանգեցնեն հակազդեցության։

Բայց եթե Հայաստանը հանկարծ որոշի դուրս գալ երկկողմ և բազմակողմ պայմանագրերից, ինքը կարող է կորցնել այն հնարավորությունները, որոնք այսօր ունի»,- եզրափակեց Մելքոնյանը։

News.am