Գրոսսի․ Վտանգավոր կերպով մոտենում ենք միջուկային վթարի

Ուկրաինայում Զապորոժիեի ատոմակայանի վրա անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումները նոր մակարդակի են բարձրացրել միջուկային աղետի վտանգը, նախազգուշացրել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալության ղեկավարը՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անել առավելագույնը՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

«Մենք վտանգավոր կերպով մոտենում ենք միջուկային վթարի», - խորհրդի նիստում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

Ատոմակայանը ապրիլի 7-ից ի վեր ենթարկվել է մի շարք անօդաչու սարքերի հարձակումների, որոնց համար Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում: Ատոմակայանում միջազգային մասնագետների թիմը հաստատել է, որ հարվածը եղել է 6-րդ էներգաբլոկի պաշտպանից կառույցին, հայտարարել է գործակալության տնօրենը։

«Կառույցին հասցված վնասը մակերեսային էր, սակայն հարձակումը շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում ռեակտորի զսպման հաջող թիրախավորման համար», - ասել է Գրոսին՝ նշելով, որ ապրիլի 7-ի մյուս երկու հարձակումները եղել են հիմնական ռեակտորի շենքերի մոտ և հանգեցրել են առնվազն մեկ զոհի։

Գրոսին ատոմակայանի տարածքին այլ հարվածների մասին էլ է խոսել՝ չհստակեցնելով, թե երբ են դրանք տեղի ունեցել։

«Այս անխոհեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն»,- շեշտել է Գրոսսին։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։ ԱԷՄԳ-ն տեխնիկներ է տեղակայել գործարանում։

Կայանը ներկայումս հենվում է արտաքին էլեկտրաէներգիայի ընդամենը երկու գծի վրա, և անցած տարվա ընթացքում եղել է առնվազն չորս դեպք, երբ կայանը ունեցել է միայն մեկ արտաքին էլեկտրամատակարարման գիծ, ասել է Գրոսին: Հոսանքն անհրաժեշտ է անվտանգության և հովացման համակարգերը սնուցելու համար:

Azatutyun.am