Հայաստանը նոր անվտանգային մարտահրավերների առաջ է կանգնում. Գարեգին Բ-ն` Մարկուս Ռիտերին

ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, որի հետ մի շարք հարցեր է քննարկել ու հայտնել իր մտահոգությունն առկա լարվածության առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։

«Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առաջ են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։ Նորին Սրբությունը գնահատել է բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման»,– ասված է հաղորդագրությունում։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել իրենց գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Վստահեցրել է` առաքելության կողմից կարվի ամեն ինչ՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։

Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։

Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:

ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

Sputnik Արմենիա