Փորձագետ. 10 տարվա ընթացքում Հայաստանում դոկտորների, գիտությունների թեկնածուների և պրոֆեսորների թիվը նվազել է 3150-ով
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում գիտության դոկտորների թիվը նվազել է 150-ով, գիտության թեկնածուներինը՝ 1000-ով, իսկ բուհերում պրոֆեսորադասախոսական կազմը՝ 2000-ով։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Գրիգորի Վահանյանը։
Նա հավելել է, որ վերջին 10-15 տարվա ընթացքում Հայաստանում թեկնածուական պաշտպանածների թիվը կրկնակի նվազել է, այսինքն՝ այդքանով նվազել է գիտելիքի արտադրությունը։
Վահանյանն ասել է, որ Հայաստանը մտավոր կապիտալի ինդեքսով զբաղեցնում է 91-րդ տեղը, որը ցածր է Ադրբեջանից, Վրաստանից և նույնիսկ Վանուատուից։
Ըստ նրա, անվտանգությունն ուղղակիորեն կապված է գրագիտության հետ․ որքան մարդ անգրագետ է, այնքան վտանգավոր է։
Նա անհեթեթ է անվանել Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ծրագրերը, որտեղ ինչպես նախատեսվում է, պետք է սովորի և աշխատի 44 հազար մարդ, թեև այսօր ուսանողների և դասախոսների թիվը 80 հազար է։
News.am