ԻՆՉՊԵՍ Է՛Լ ԱՎԵԼԻ ՍԵՎԱՑՆԵԼ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՍԵՎ ՕՐԸ

Դժվար է որևէ կերպ մեկնաբանել, թե ինչով մտապահվեց Հայաստանում 2024 թվականի ապրիլի 24-ը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը։

Սովորաբար դա միասնության օր է, երբ մարդիկ լուռ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս անգամ օրը հիշողության մեջ մնաց հիստերիայի մթնոլորտով, որ հերթական անգամ ստեղծեց գործող իշխանությունը։ Ըստ էության, այդ մթնոլորտը պարբերաբար ուղեկցում է իշխանության քայլերին՝ սկսած 2018-ի ապրիլից

ԱՊՐԻԼԻ 23-Ի ԼՈՒՅՍ 24-Ի ԳԻՇԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ։ 24-ին մեկնարկեց Տավուշի սահմանամերձ տարածքների հանձնման գործընթացը։ Հենց ապրիլի 24-ին... Ոչ 26-ին, ոչ 27-ին. հենց 24-ին: Եթե գործընթացը սկսվեր, ասենք, 26-ին, ապա պատերա՞զմ կսկսվեր։ Ոչ, իհարկե, բայց պետք էր հենց 24-ին

Ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագրի» ողջամիտ համակիրները, եթե այդպիսիք դեռ մնացել են, մի պարզ հարց չտան իրենց շեֆին. «Նիկոլ, ինչո՞ւ հենց ապրիլի 24-ին, ինչո՞ւ»։ Վախենում եք բուն հարցի՞ց։ Քանզի հոգու խորքում կռահո՞ւմ եք, որ այդպիսին էր պատվեր-հրամանը:

Հայտնի է, որ Իլհամ Ալիևը սիրում է սիմվոլիզմը, խորհրդանշական ամսաթվերը. պետք է ենթադրել, որ չէր կարող Նիկոլ Փաշինյանը մերժել նրան «փոքրիկ» ծառայության հարցում: Որպեսզի այսուհետ մենք հիշենք ապրիլի 24-ը ոչ միայն որպես Ցեղասպանության սկիզբը խորհրդանշող օր, այլև որպես Ադրբեջանին Հայաստանի տարածքների հանձնման գործընթացի մեկնարկը խորհրդանշող օր։ Պինդ է լռված Ալիևի կարթը Փաշինյանի կոկորդում, շատ պինդ, և բացի կեպիի վրա գրածից՝ նա ուրիշ «դուխ» չունի, որ պոկվի այդ կարթից։

2024 թվականի ապրիլի 24-ի օրվա այդպիսի «նշանակալի» մեկնարկից հետո Աննա Հակոբյանը կրտսեր դստեր հետ գնում է Ցեղասպանության հուշահամալիր... Հենց այն ժամանակ, երբ, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, այնտեղ ծաղիկներ դնելու են գնում են ԱԺԲ-ի ագրեսիվ կողմնակիցները... Իշխանությանը սպասարկող արարողակարգային ծառայությունը չէ՞ր կարող ավելի հանդարտ ժամանակ ընտրել։ Թե՞ հիստերիան անբավարար էր, պետք էր էլի յուղ լցնել կրակին։

Դե, իսկ 24-ի երեկոյան արդեն ձերբակալված էին մոտ 100 բողոքարարներ. պետք էր, չէ՞, որ Փաշինյանը վրեժ լուծեր կնոջը նվաստացնելու համար։

Ալիևն ու Էրդողանը գոհ են։ Գովեցին Փաշինյանին։ Էրդողանը առաջարկեց Փաշինյանին օգտվել հնարավորությունից, մշակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր քարտեզ, Ալիևը պատրաստակամություն հայտնեց գազ վաճառել Հայաստանին

Սիրալիր, բարի մարդիկ: Ճիշտ է, նախապես ուզում են 4 անկլավ, «Զանգեզուրի միջանցք»… Առայժմ կարծես թե այդքանը, մնացածը հետո կերևա։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է։ Ոչ միայն վերածում Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի, այլև անում է ամեն ինչ, որպեսզի գործընթացը հնարավոր չլինի հետ շրջել, կտրում է նորմալ պետություն կառուցելու ուղիները։

Իհարկե, թիմը կատաղի կերպով կաջակցի նրան։ Քանզի ի՞նչ են այդ մարդիկ առանց Նիկոլ Փաշինյանի։ Բացարձակ ոչինչ։ Օրինակ, ի՞նչ պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանից։ Այո, խաղաղ ժամանակներում կարելի է ձևեր թափել։ Դե, իսկ պատերազմի ժամանա՞կ: Ախր ակնհայտ կլինի անպիտանիությունը։ Դրա համար էլ հասկանալի է, որ նա, ինչպես Փաշինյանը, պատրաստ է ամեն ինչի, միայն թե ռազմական գործողություններ չլինեն։ Ինչպեսև Փաշինյանի ողջ թիմը, որը պատրաստ է անտրտունջ հանձնել այն ամենը, ինչ կպահանջեն Անկարայից ու Բաքվից, բայց փոխարենը ատամներով կոկորդ կպատռի՝ Հայաստանում իր իշխանությունը պահպանելու համար։