ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Նշենք, որ վաղ առավոտյան ոստիկանական մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ: Նրանք բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել 31 քաղաքացու: Գյուղում այս պահին լարված վիճակ է: Բնակիչներն ասում են, որ բերման են ենթարկել նաև անչափահասների: Փակ են գյուղ տանող ճանապարհները: