Ուրուգվայի Սենատորների պալատը ապրիլի 24-ը հռչակել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»

Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Այս մաիսն հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը, մարդկության դեմ գործված նման հանցագործությունները մոռացության չմատնելու կարևորությունը, շեշտել են հարգված և սիրված հայ համայնքի հանգամանքը, կարևորել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացումը: Սենատորները նշել են, որ Հայաստանն այսօր էլ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած և հիշեցրել, որ 2022 թ. Սենատը նաև միաձայն դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Նշյալ օրենքի նախագիծն արդեն փոխանցվել է Ներկայացուցիչների պալատին, որտեղ նույնպես պետք է քվեարկության դրվի:

News.am