Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին

Որևէ բռնություն, ապօրինի քայլ, հրահրում իրավապահ համակարգի կողմից անհանդուրժելի է լինելու։ Երևանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով իրավապահ համակարգի` առավոտվանից տարածվող հայտարարություններին։

«Ձեզ օրենքի սահմաններում կպահեք։ Որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, ինչպես որ դեռ Կիրանցում եմ ասել այն գիշերվա սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի պատճառով. մենք կանգնելու ենք ձեր դիմաց, էս ժողովուրդն անտեր չի, սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար է պահանջում, հարգելի իրավապահներ»,- ասաց սրբազանը։

Նա իր խոսքն ուղղեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ հիշեցնելով, որ ժամանակին միասին աղ ու հաց են կիսել։ Շեշտեց՝ իրավապահների կողմից թույլ տրված ցանկացած անօրինական գործողության անմիջական պատասխանատուն լինելու է հենց ինքը՝ Վահե Ղազարյանն ու իր անմիջական ղեկավարը։

Նա դիմեց նաև մյուս իջևանցիներին՝ շեշտելով` «բավական է»։

Սրբազանը հավելեց` իրավապահներն էլ ունեն նույն մտահոգությունները, պարզապես պատերի տակ են խոսում։

«Շատ խիստ եմ ասում՝ եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է ձեր ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի և պատվի շարժ, երթ–պայքար է։ Ցավոք, դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- ասաց սրբազանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչի համար են այսօր գնում Հանրապետության հրապարակ, Տավուշի թեմի առաջնորդը նշեց՝ պատասխան ունեն ստանալու։

«Մենք պատասխան ունենք ստանալիք, էս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել»,- ասաց Բագրատ սրբազանը` շեշտելով՝ թող իրավապահ համակարգը հոխորտա թշնամու վրա, այլ ոչ թե սեփական ժողովրդի, որովհետև այս մարդիկ ոտքի են կանգնել նաև հենց նրանց ազատագրելու։

Sputnik Արմենիա