Վահե ԵՓՐԻԿՅԱՆ. «ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՈՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՏԱՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ»

Ապրիլի 10-ին մաքսատան սկանդալի հերոս Հայկ Մարտիրոսյանն այնուամենայնիվ դիմում գրեց սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու մասին, թեև մեկ օր առաջ հայտարարել էր, որ դա չի անելու։ Նախընտրեց ձեռնպահ մնալ իր որոշումը մեկնաբանելուց։ Թեև առանց նրա մեկնաբանությունների էլ ամեն ինչ պարզ է։

Վարչապետի պահանջով աշխատանքից ազատելու միջադեպը մեծ արձագանք գտավ հասարակության մեջ։ Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելեց Նորագավիթ՝ Արարատյան մաքսատուն-վարչություն, որտեղ սենյակներից մեկում (իսկ կոնկրետ՝ բնապահպանական մուծումների ձևակերպման) նկատեց հատակին ընկած հայկական դրոշը։ «Բոլորին հեռացնե՛լ։ Ով որ էս սենյակում աշխատում ա, բոլորը հեռացվե՛ն աշխատանքից»,- գոռաց զայրագնած վարչապետը։ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-նույն օրը գրեց Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Փաստաբան, հայտնի բլոգեր Վահե Եփրիկյանը «ԳԱ»-ի դատական մեկնաբանին տված հարցազրույցում անհապաղ արձագանքեց սկանդալի իրավական կողմին, իրավիճակը ներկայացնելով ըստ կարգի։

«Վարչապետն այնչափ վիրավորվեց հատակին տեսնելով դրոշը, որ իսպառ մոռացավ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մասին, որի նորմերը ինքը կոպտորեն ոտնահարեց։ Համաձայն մեր աշխատանքային օրենսդրության, աշխատողը կարող է ազատվել կա՛մ իր պետի կողմից, կա՛մ էլ սեփական ցանկությամբ ազատվելու դիմումի հիման վրա։ Այլ իրավիճակներ օրենսդրությունը չի նախատեսում։

Ինձ շատ հետաքրքիր է, եթե նա հրաժարվեր «սեփական ցանկությամբ» դիմում գրելուց, ապա Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա պիտի ձևակերպեին աշխատողի ազատումը, որի վրա թափվեց վարչապետի զայրույթը։ Վարչապետը եկավ, վիրավորվեց պետական խորհրդանշանի համար, գոռգոռաց, հրամայեց ազատե՞լ։ Ի դեպ, Հ.Մարտիրոսյանը, իր խոսքերով, այնտեղ աշխատանքի է ընդունվել բոլորովին վերջերս, մոտ մեկ ամիս առաջ։ Ուզում եմ ընդգծել, որ այդ մարդը լիովին իրավունք ունի վիճարկել իր անհեթեթ ազատումը քաղաքացիական-վարչական դատավարության շրջանակներում։ Եվ նա, ըստ օրենքի, հաղթանակի մեծ հնարավորություն ունի։

Իսկ ինչ վերաբերվում է պետական դրոշի հանդեպ նման վերաբերմունքի առիթով վարչապետի զայրույթին, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ Քրեական օրենսգրքում գոյություն ունի 331 հոդվածը (պետական խորհրդանիշների անարգում)։ Եվ համաձայն իրավական տրամաբանության, Փաշինյանը ոչ թե հրապարակավ պետք է պահանջի ազատել աշխատողներին, այլ եթե արարքի մեջ հանցակազմ է տեսնում, ազդանշան տա իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առնեն միջադեպը։ Եթե պետք է, թող քրեական գործ հարուցեն, պատժեն մեղավորներին։ Բայց գործելով ըստ օրենքի, այլ ոչ թե գոռոցով ու հույզերով, անտեսելով ընդ որում Աշխատանքային օրենսգիրքը։

Թեպետ, այդ դեպքում պետական խորհրդանշանը անարգելու մեջ ՀՀ Քր.օր. այդ նույն հոդվածով կարելի է մեղադրել նաև իրեն՝ վարչապետին, որը Կանադայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայկական եռագույնի գծերով կիսագուլպաներ էր հագել։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրեն կարելի է պաշտոնական անձանց հետ հանդիպել դրոշի խորհրդանիշը ոտքերին, իսկ մաքսատան շարքաին աշխատողները ինչ-որ մեկի բացթողման համար պետք է խիստ պատժվե՞ն։ Չէր խանգարի, որ վարչապետը, ինչպես ասվում է առակում, «ինքն իրեն նայի»։

Վարչապետի գործողություններում ես՝ որպես իրավաբան, դիտարկում եմ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Նա ոչ միայն պահանջում է հեռացնել աշխատողին, այլև շարունակելով մաքսատան շոուն՝ մի քանի անգամ պահանջում, որ իրեն զեկուցեն այդ մասին։ Այսինքն ցանկացած իրավական նորմեր նման իրավիճակում, ինչպես ասում են, գրված են ջրին։ Եվ այդ ամենը պարզապես զվարճալի կլիներ, եթե խոսքը չվերաբերվեր ՀՀ կառավարության ղեկավարին։

Իմիջիայլոց, սեփական լիազորությունների շրջանակներից ելնելը՝ օրենքի խախտումով, վարչապետի մոտ սովորություն է դարձել։ Նշենք միայն ամենահայտնի դեպքերը, որոնց մասին նա ինքը հպարտ գրում է իր ֆեյսբուքյան էջում. գաղտնալսման հետ կապված աղմկահարույց պատմությունը, որը վերապատմելու հարկ չկա, իր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու ոչ վաղուցվա պահանջը և, վերջապես, մաքսատան նշյալ դեպքը։ Ես՝ որպես իրավաբան, այս երեք դեպքերից յուրաքանչյուրում հանցակազմ եմ տեսնում ՀՀ Քր. օր. 309 և 332 հոդվածներով (պաշտոնեական լիազորությունների գերազանցում և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտում), իսկ գուցեև ոչ միայն դրանցով, և անհրաժեշտություն եմ տեսնում քրեական գործ հարուցել։ Իսկ մեր դատախազությունն ու քննչական մարմինները դա չե՞ն նկատում։

Ասենք, ինչո՞ւ ենք զարմանում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ որոշակի ժամանակից ի վեր մեզանում Ֆեմիդայի մարմնավորումն է դարձել մորուքավոր տղամարդը…»։

Основная тема:
Теги: