Ընթանում է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նշենք, որ ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:

Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:

Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ ՀՀ նախագահի անունից երեկ Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:

Նշենք, որ հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: