IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել

Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute - IRI) հրապարակել է հարցման արդյունքներ, ըստ որի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելի շատ վստահություն է վայելում բնակչության շրջանում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցման արդյունքում, Սարգսյանին վստահություն է հայտնել հարցվածների 81%–ը, իսկ անվստահություն` 13%–ը։ Վստահության մակարդակով երկրորդ տեղում Զինված ուժերն են, որոնց վստահում է հարցվածների 80%–ը, չի վստահում 15%–ը։ Փաշինյանին վստահություն է հայտնել հարցվածների 72%–ը, անվստահություն`24%–ը։ Չորրորդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցին է, որին վստահում է հարցվածների 71%–ը, չի վստահում 23%–ը։

Նախորդ տարվա նոյեմբերին անցկացված հարցման համեմատ` վարչապետի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է 13%–ով, իսկ նախագահինն աճել է 3%–ով։ Վստահության մակարդակի բարձրացման հարցում ամենամեծ առաջընթացը գրանցել է եկեղեցին` 11%–ով, իսկ եկեղեցու նկատմամբ անվստահության մակարդակը նվազել է 14%–ով։

Քաղաքացիների շրջանում ամենաքիչ վստահությունը վայելում են դատարանները` 36%–ը վստահում է, 57%–ը չի վստահում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` համապատասխանաբար 42% և 50% ու քաղաքական կուսակցությունները` համապատասխանաբար 44% և 47%։ Հատկանշական է, որ քաղաքական կուսակցությունները վստահության մակարդակի ցուցանիշով զիջել են «տեղական հեղինակություններ» կատեգորիային, որը վայելում է հարցվածների 48%–ի վստահությունը, միաժամանակ նրանց չի վստահում հարցվածների 44%–ը։

2019թ.–ի մայիսի 6–31–ն անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1200 մարդ, ովքեր ունեն ընտրելու իրավունք, տեղեկացնում է newsarmenia.am։

Основная тема:
Теги: