Դեղին քարտ քաղաքապետին և քաղաքապետարանին

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ բարձրաձայնելով Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Երևանի ավագանուց և քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները։

Լագրողների հետ զրույցում նրանք նշում են, որ տասն ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետի ու նրա թիմի տված խոստումների մասով որևէ դրական տեղաշարժ չեն տեսնում։

«Այսօր մենք ուզում ենք հիշեցնել Երևանի քաղաքապետին իր տված խոստումները, նաև լրջանալու կոչ անել»,-ասացին նրանք՝ մատնանաշելով աղբահանության, տրանսպորտի, վերելակաների վատ վիճակը։

«Եթե կա գոնե մեկ օրինակ, որ այս ընթացքում մեկ վերելակ է փոխվել, սպասենք մնացածին»,-ասաց ՀՅԴ քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը։

Կանաչապատ տարածքների մասին խոսելիս, ակցիայի մասնակիցները նկատեցին, Սարալանջի ազատ տարածքում ամեն տարի ծառատունկ են իրականացնում, բայց այնտեղ ամեն օր հրդեհ է առաջանում։

«Հիմա ասում են՝ ոռոգման խնդիր է։ Եթե այդպես, էլ ինչո՞ւ են ծառատունկ իրականացնում։

Ոռոգման խնդրի լուծումն էլ պետք է տա քաղաքապետարանը։ Կամ վերցնենք գետնանցումները։ Դրանք ինչպես անմխիթար վիճակում եղել են, այնպես էլ մնացել են։ Ես օրինակ ձեզ կհրավիրեմ Մաշտոցի պողոտայում Երևան Սիթիի դիմացի անցում, նույն վիճակն է նաև տրանսպորտի հարցում»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանն ու ավելացրեց, որ քաղաքապետին առաջին դեղին քարտն են ցույց տալիս՝ որպես նախազգուշացում, մարդիկ ուզում են տեսնել բարեկարգ քաղաք։

Դաշնակցականներն ասացին, եթե աջակցության կարիք լինի, պատրաստ են ծրագրեր ներկայացնել։ Սակայն 80 և ավելի տոկոս ստացած քաղաքական ուժն է պատասխանատու իր արածների ու չարածների համար։