ՈՐՏԵՂՈ՞Վ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը կախված է մի քանի գործոններից, որոնք առաջին հերթին կապված են այն բանի հետ, թե որքանով կպահպանվեն Հայաստանի ազգային շահերը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Խորհրդարանականից հետաքրքրվեցին, թե հնարավոր է արդյոք փաստաթղթի ստորագրումը մինչև ընթացիկ տարեվերջ։ «Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ ստորագրման հնարավորությանը, ապա կարող եմ ասել՝ և այո, և ոչ, քանի որ ստորագրումը կախված է երկու կողմերից: Կոնկրետ Հայաստանի մասով կարող եմ ասել, որ կախված է նրանից՝ արդյոք կպահպանվեն Հայաստանի «կարմիր գծերը»։ Մենք չենք կարող փաստաթուղթ ստորագրել մեր «կարմիր գծերի» խախտման պայմաններում»,- ասաց Պապոյանը։