Последние новости

ՄԻՊ-ի թվերը․ Ինչքան վնաս են կրել Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների առաջացրած հրդեհներից

Ադրբեջանական զինծառայողների` Գեղարքունիքում գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս այրվել է՝

- Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք,

- Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք,

- Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք,

- Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:

Տեղեկությունը փաստահավաք աշխատանքների արդյունքում հրապարակել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բոլոր 4 գյուղերում այսօր մոտ ժամը 16:00-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ»,–նշել է Թաթոյանը։

Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել են խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև բնակիչներից մեկի խոտհնձիչը։

Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում. դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:

Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ՝ դրանով իսկ դիվերսիոն և ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:

ՀՀ ՄԻՊ–ը շեշտել է` ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ