Последние новости

ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ․ Կարգավորումն անբաժանելի է Ղարաբաղի հիմնախնդրից

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատշաճ կարգավորումից։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցյունը։

Նա նշել է, որ Չինաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությամբ։ «Տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից։ Մենք կոչ ենք անում Երևանին և Բաքվին զսպվածություն դրսևորել և հարցերն ու տարաձայնությունները լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա։

Դիվանագետը հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կկատարեն հրադադարի պայմանավորվածությունը՝ առաջնորդվելով իրավիճակը լիցքաթափելու ընդհանուր նկատառումներով։ «Հույս ունենք, որ կողմերը դրականորեն կհամագործակցեն սահմանի հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատշաճ կարգավորումից։ Չինաստանը ճանաչում է այս հարցում պատմական զարգացումը, մենք հետևողական դիրքորոշում ենք որդեգրել և աջակցել խնդրի կարգավորմանը քաղաքական երկխոսության միջոցով։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն համապատասխան լուծում՝ միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ճանաչված նորմերին և դրույթներին համապատասխան։ Մենք հուսով ենք, որ դրական առաջընթաց կգրանցվի Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասել է նա։

Նրա խոսքով, կայուն բարիդրացիական հարաբերությունների պահպանումը բխում է ոչ միայն այս երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի հիմնարար շահերից։

«Հուսով ենք և հավատում ենք երկու կողմերի քաղաքական իմաստությանը և երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով խնդիրները լուծելու, խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու և ընդհանուր անվտանգության հասնելու վճռականությանը։ Պեկինը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ իրավիճակի կարգավորման կառուցողական ջանքեր գործադրելու համար»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ