Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԵՎ ՍՈՐՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի համագործակցության արդյունքում, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ. բարելավվում է նրանց և ընտանիքների կյանքի որակը, թեթևանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան: Որոշ երեխաների մոտ ակնառու է մտավոր ու ֆիզիկական զարգացման դինամիկա, անձնական օգնականի ուղղորդմամբ հնարավոր է դառնում նրանց ինտեգրումը ներառական կրթության ու սոցիալացման գործընթացում: Անհատական օգնականների աջակցության շնորհիվ ընտանիքում կարողանում են նաև լուծել բազմաթիվ հարցեր՝ առողջական, կրթական, աշխատանքային, հասցնում են ժամանակ տրամադրել ընտանիքի մյուս անդամներին և փոքր ինչ հանգստանալ:

2016թ.-ից իրականացվող՝ «Անհատական-օգնականներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը վերջին երկու տարիներին ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև Հայաստանի տարբեր մարզերի շահառուների:

Վանաձորցի տասներկուամյա Հայկը, որի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված), հենաշարժողական խնդիր ունի: Հայկի խնամքը պահանջում է վերականգնողական չընդհատվող բուժում և հմտությունների զարգացման առօրյա աշխատանք: Եթե տարիներ առաջ այդ ծառայությունները հասանելի էին միայն Երևանում, ապա այժմ խնամքի և զարգացման աշխատանքն անհատական օգնականի աջակցությամբ կազմակերպվում է նաև մարզերում: Ծրագիրը շարունակում է պահանջված մնալ ոչ միայն միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի, զարգացման ու սոցիալացման, այլև նրանց ընտանիքներին աջակցության առումով:

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործակցության շրջանակներում, Հայկը նոր ուսումնական տարին առավել հանգիստ և առանց լարվածության է դիմավորել: Վիրահատված մայրն արդեն կազդուրվել է և կարող է օգնել որդուն: Ընտանիքի համար բարդ ժամանակահատվածում, Հայկին օգնել է անհատական օգնականը՝ երիտասարդ Արգամը: Նա իր աջակցությունը չի սահմանափակել մասնագիտական տիրույթում: Ձևավորված մթնոլորտի շնորհիվ՝ Հայկը ոչ միայն աջակցող մասնագետ, այլև ընկեր է ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ անցած ամիսների ընթացքում կարողացանք նաև մարզերում աշխատատեղ ստեղծել: Առաջին անգամ արական սեռի թյութոր-մասնագետ ունեցանք, որը փայլուն կատարեց իր աշխատանքը: Սա հրաշալի նախադեպ է և օրինակ՝ բոլորիս համար: Հաջողված ընթացքի համար կարևոր է եղել մեր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի դերը ոչ միայն ծրագրի իրականացման, այլև՝ տեխնիկական աջակցություն դրսևորելու առումով: Մարզերում անհատական աշխատանքային պլանների մշակումը և վերահսկողությունն իրականացվում է օնլայն ձևաչափով` Երևանում գտնվող փորձագետների աջակցությամբ: Դա հնարավորություն է տալիս անգամ հեռավոր բնակավայրերում գտնվելով՝ ներգրավվել մայրաքաղաքում ծավալվող աշխատանքներում և ստանալ մասնագիտական մեծ աջակցություն: Օգտվել ենք ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից. տեսազանգ, կոնֆերանս քննարկումներ և այլն»,- ասել է ՍՈՐՍ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը:

Հայկը հմտությունների զարգացմանն ուղղված վարժություններն անցել է իր համար ծրագրի փորձագետների կողմից մշակված անհատական պլանով: Մասնագետն աշխատել է հստակ ցուցումով՝ մանր մոտորիկայի, ինքնուրույնության, սոցիալացման ու ինքնաճանաչողության ուղղությամբ: Երեխան սիրում է շախմատ խաղալ, հետաքրքրաշարժ խաղերով զբաղվել, իսկ առարկաներից նախընտրում է մաթեմատիկան: Տուն-դպրոց-տուն ժամանակացույցից բացի, Հայկը մասնագետի ուղեկցությամբ նաև սպորտային դահլիճ է այցելել:

Թե երևանյան կուրսերից, թե Վանաձորում իրականացվող ծրագրի արդյունավետությունը գնահատում է մայրը՝ Լիլիթ Մխիթարյանը:

«Բավականին մեծ տարբերություն ունենք: Գալիս ենք դրական դինամիկայի: Ե՛վ խոսքի մեջ է զգացվում, և՛ վարքի, և՝ ֆիզիկականի: Արդեն հասել ենք քայլելուն. ինքնուրույն քայլեր է անում: Վերջին տարիներին ակտիվ մասնակցել ենք հիմնադրամի տարբեր ծրագրերին՝ ՍՈՐՍ տնակ զարգացման կենտրոն ենք հաճախել, որտեղ Հայկը զարգացման և վերականգնողական պարապմունքներին է մասնակցել: Իսկ ես աշխատանքային հմտություններ ու գիտելիք եմ ստացել ՍՈՐՍ-ի կարի արտադրամասում: Այս տարի ծրագրում եմ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել: Այս հարցում ևս անգնահատելի է անհատական օգնականի դերը: Նրանք դառնում են ավագ ընկեր մեր երեխաների համար»,-ասել է Լիլիթը:

Հայկն այս տարի ևս ընդգրկվել է ծրագրում, սակայն նրա հետ աշխատելու է այլ անհատական օգնական: Արգամը հրաժեշտ է տվել փոքրիկին, սակայն միայն ծրագրի շրջանակում:

* Տեսա(լուսա)նկարահանումն ու հրապարակումն իրականացվել են ծնողի համաձայնությամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Галерея (5 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ