Последние новости

«Երիտասարդական» կայարանում բացվեց Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել մետրոյի «Երիտասարդական» կայարանում:

Մեկ ամսվա ընթացքում մետրոպոլիտենի ուղևորները հնարավորություն կունենան ծանոթանալու Միության գործունեության մասին առավել նշանակալի արխիվային նյութերին:

Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավար Արամ Սաթյանը նշեց, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում։

«Խորհրդանշական է, որ ցուցահանդեսն անցկացվում է «Երիտասարդական» կայարանում, երիտասարդ սերունդը պետք է իմանա իր կոմպոզիտորներին», - լրագրողների հետ զրույցում նշեց Սաթյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն իր հերթին նախաձեռնությունը կարևոր և նշանակալի համարեց: Նա վստահ է, որ մշակույթը պետք է «դուրս գա արխիվներից ու թանգարանների սրահներից և մարդկանց կենցաղ մտնի»։

«Ես միշտ համարել եմ, որ մետրոպոլիտենը հսկայական ներուժ ունի, որը մենք կարող ենք օգտագործել մշակույթի հանրահռչակման առումով։ Մետրոն ինքնին քաղաքային մշակույթի դրսևորում է» - ասաց Խզմալյանը։

Խզմալյանը չբացառեց, որ ապագայում մետրոպոլիտենի ղեկավարության հետ համագործակցությամբ այլ միջոցառումներ կկազմակերպվեն:

Ինչ վերաբերում է սահմանային միջադեպերի ազդեցությանը ՀՀ մշակութային կյանքի վրա, պաշտոնյան նշեց, որ դրանք չեն կարող չանդրադառնալ, սակայն դա մշակութային միջոցառումների չեղարկման առիթ չէ:

«Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժը և թույլ չտանք կաթվածահար անել հասարակական կյանքը», - ասաց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ ինչպես զինվորը մարտական հերթապահություն է անում, իսկ բժիշկը կամ դիվանագետը՝ կատարում է իր աշխատանքը, այնպես էլ մշակույթի գործիչը չի կարող հրաժարվել իր պարտականություններից:

«Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել նման միջոցառումներին և բաց են համագործակցության համար:

Նշենք, որ կազմակերպիչների մտահղացմամբ, բացի ցուցադրությունից, կայարանում պետք է հայ դասականների ստեղծագործությունները հնչեին, սակայն երկրում ստեղծված իրավիճակի պատճառով միջոցառումների երաժշտական բաղադրիչը հանվել է:

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրվել է 1932 թվականին Երևանում։ Կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, համերգներ-քննարկումներ և այլ միջոցառումներ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ