Последние новости

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՎԿԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ռուսական «Վկան» ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում Մոսկվայի տանը: Այնտեղ բացվել է նաև «Եվրամայդան. էությունը և հետևանքները» լուսանկարների ցուցահանդեսը։

Երկու միջոցառումներին էլ ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ այստեղ նստած են մարդիկ, որոնց առանց որևէ արարողակարգային դիվանագիտական պայմանականության` կարելի է բարեկամներ անվանել:

«Դա մեզ համար շատ կարևոր է, կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, և ես բացարձակապես համոզված եմ, որ դա շատ կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների և դրանց ապագայի համար», - ասաց դեսպանը:

Նրա խոսքով ՝ «Վկան» գեղարվեստական ֆիլմն իմաստավորման փորձ է այն իրադարձությունների, որոնք այժմ տեղի են ունենում հատուկ ռազմական գործողության գոտում, փորձ է իմաստավորելու այդ իրադարձությունների ակունքները, այսօրվա իրողությունները՝ մեկ մարդու` բելգիացի ջութակահարի ճակատագրի օրինակով, որը հեռու է քաղաքական և ռազմական բախումներից։

Ըստ սյուժեի՝ նա ականատես է լինում այս բոլոր իրադարձություններին և պետք է կատարի իր անձնական ընտրությունը։

Դեսպանը հույս հայտնեց, որ ֆիլմը շատ նյութ կտա՝ մտորելու, իմաստավորելու այն, ինչ տեղի է ունենում, և միայն դա արդեն մեծ նշանակություն ունի, գուցե նույնիսկ ավելին, քան բառերը, հայտարարություններն ու փաստարկները:

Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ապա այն, ինչպես նշեց Կոպիրկինը, ցույց է տալիս այն իրադարձությունների ակունքները, էությունը, որոնք, ի վերջո, անխուսափելի են դարձրել հատուկ ռազմական գործողությունը:

«Այն ցույց է տալիս ճշմարտացիությունն այն խոսքերի, որոնք ասել է մեր նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.), երբ հայտարարություն է արել հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողել», - ասաց դեսպանը:

Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը շատ խորն է, և ոչ ոք չի կարող դրանք խեղաթյուրել կամ այլ լույսի ներքո ներկայացնել։ Այդ փորձերն անհաջող են:

«Մենք շատ հայեր ունենք Ռուսաստանում, շատ ռուսներ ապրում են մեզ մոտ։ Մենք ընդհանուր լեզու ենք գտնում, ընդհանուր լեզու ունենք, նույն կերպ ենք մտածում։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու և անհանգստանալու առիթ չեմ տեսնում», - ասաց նա։

Մելիքյանը վստահ է, որ նման միջոցառումները կոչված են նպաստելու երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը:

Նա հիշեցրեց, որ ի սկզբանե Մոսկվայի տունը ստեղծվել է երկու մայրաքաղաքների, երկու երկրների ներկայացուցիչների շփման համար, և այն արժանապատվորեն կատարում է իր գործառույթը։

Մարտին «Մոսկվայի տանը» նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Ապրիլին այստեղ տեղի կունենա «Գագարինը տիեզերքում» ֆիլմի ցուցադրությունը, նախատեսվում է նաև ցուցահանդես:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ