Последние новости

ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»-ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀՌՑ–ն։

Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։

Հիշեցնենք` դեռևս 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի հետ հարցազրույցում հայտնել էր` ՀՀ–ն ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Նա նշել էր, որ խոսքը «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք համաշխարհային ցանց» ալիքների խախտումների մասին է:

Հակոբյանը նաև մատնանշել է այն փաստը, որ Հայաստանը միակ հետխորհրդային հանրապետությունն է, որի հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են: Ռուսական ալիքներ հանրային մուլտիպլեքսում չկան նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը (ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ) կամ Տաջիկստանը (ՀԱՊԿ անդամ), որոնք նույնպես Ռուսաստանի դաշնակիցներն են։

Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:

Հավելենք, որ մարտի 18–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ առաջիկայում հայկական կողմը կներկայացնի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ լուծումների իր առաջարկները։

Նա վստահեցրել էր, որ առաջարկվող լուծումները բխում են ինչպես հայ–ռուսական համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է` ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի, պետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ