Последние новости

Կիրո Մանոյան. Ժամանակը եկավ

Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու պահն է: Այս մասին հայտարարել է ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում: Համաժողովի անցկացման նախաձեռնողն է ՀՅԴ-ն, տեղեկացնում է NEWS.am:

Մանոյանի խոսքով՝ դաշինքի ստեղծումը կարող է վատ ընդունվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների կողմից: Մանոյանը, սակայն, կարծում է, որ միջնորդները պետք է հասկանան, որ չի կարելի այս քայլը մշտապես հետաձգել, ինչպես նաև սխալ է ասել, թե պետք է սպասել հարմար պահի: Այդպիսի հարմար պահեր եղել են, դրանցից մեկը 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան էր:

«Հետագա սպասումը կարող է ուշացման բերել: Բայց սա մեր զինանոցի վերջին փամփուշտը չէ՝ վերջինը կլինի Հայաստանի և Արցախի վերամիավորումը: Բայց դրան պետք է նախորդի իրավա-պայմանագրային հիմքերի ստեղծումը, որոնք կօգտագործվեն, երբ վերամիավորման պահը հասնի»,- նշել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ այս ամեն ինչը չէր լինի, եթե իր ժամանակին չլիներ ռազմավարական նկատառումներով ընդունված ԼՂՀ անկախության հռչակման մասին որոշումը:

«Հեշտ չի լինի, բայց սա է հաջողության գրավականը՝ մեր համախմբվածությունը: Ամենագլխավորը վճռականության ցուցադրումն է: Մեր դրսևորած անվճռականությունը աշխարհը տեսնում է: Ոչ միայն համանախագահները, այլև հնարավոր բարեկամները, և նույնպես անվճռականություն են դրսևորում: Բայց մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք, եթե ինքներս վճռականություն չենք դրսևորում: Հստակ է, որ ճնշում կլինի: Բայց նման քայլը ոչ միայն կլինի Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության օգտին, այլև կհիմնավորի իրավական հարցերը, որոնք մենք տասնյակ տարիներ առաջ անգամ չենք բարձրացրել, օրինակ՝ շփման գծում ինչու են հայ զինվորները կանգնած: Հիմա իրադրությունը փոխվել է: Անհրաժեշտություն չկա, որպեսզի այս կամ այն վարչապետը բացատրի, թե ինքը ինչ կարող է ասել որպես Հայաստանի ներկայացուցիչ: Կարծում եմ՝ մեր միասնությունը Հայաստանի և Արցախի իշխանություններին վստահություն կհաղորդի»,- նշել է Կիրո Մանոյանը:

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ