Последние новости

Կարինե Դանիելյան. Սևանը տանում ենք ոչնչացման

Չնայած անհրաժեշտ բոլոր ծրագրերը մշակված են, սակայն մեր չկանխամտածված գործողություններով Սևանն առայժմ տանում ենք ոչնչացման։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով լճի՝ կրկին «ծաղկելու» և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 սանտիմետրով իջնելու փաստերին։

«Այդպես էլ լճի ջրերը մաքրող կայանները կարգի չբերվեցին։ Մեծ քանակությամբ կեղտաջրերն այժմ էլ շարունակում են լցվել Սևան։ Երկրորդ, պատշաճ չկատարվեցին և չեն կատարվում ափերի մաքրման աշխատանքները։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև լճի մակարդակի բարձրացման ֆոնին ափերը լիարժեք չմաքրվեցին։ Մեծ քանակությամբ աղբ, չկտրված ծառեր ու թփեր մնացին ջրի տակ։ Այս ամենը բացասական ազդեցություն ունեցավ Սևանի վրա», - ընդգծեց բնապահպանը։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ պակաս լուրջ խնդիր չէ 2013 թվականից ի վեր երեք անգամ գրանցված բացասական բալանսը, այսինքն՝ Սևանա լճի մակարդակի իջեցումը։

«Այս տարիների ընթացքում լրացուցիչ ջրառներ են իրականացվել, իսկ լիճը շատ նրբորեն արձագանքել է այդ երևույթին։ Դրան հակառակ՝ Սևան մաքուր ջուր ներմուծելը կնպաստի լճի ինքնամաքրմանը, ջրի որակի լավացմանը», - նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նկատելով, որ ամռան տապին հատուկ միջոցներ ձեռք չառնելը` նպաստել է լճի «ծաղկմանը» և կանաչ ջրիմուռներով պատվելուն։

Բնապահպանը ազգաբնակչությանը հորդորեց Սևանը սնող գետերը չվերածել աղբատարներների և ձեռքի տակ հայտնված անպետք իրերը չնետել դրանց մեջ՝ հիշելով, որ թափոններն ի վերջո հասնելու են լիճ։

Հիշեցնենք, որ Սևանը «ծաղկել» էր նաև նախորդ տարի։ Առողջապահության նախարարությունը զգուշացրել էր, որ վտանգավոր ջրիմուռներով առատ ափերում լողալը վտանգավոր է առողջության համար։

Նման ջրում լողալու դեպքում մարդու մոտ կարող են ի հայտ գալ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, ալերգիկ ռեակցիա, իսկ ջուր կուլ տալու դեպքում` ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, լյարդի հետ կապված խնդիրներ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ