Թագուհի Թովմասյան․ Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել

ԱԺ նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին նույնպես անհանգստացրել է տարածվող տեղեկություններն այն մասին, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի։ Նա ճշգրտումներ է արել և այդ մասին գրել Facebook–ում։

«Քիչ առաջ զրուցել եմ նաև մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերը առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որևէ ագրեսիա»,– նշել է նա:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ Թովմասյանի` նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան պատճառով:

 «Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա։ Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44– օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին»,– նշել է պատգամավորը, տեղեկացնում է Sputnik Armenia: