Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ կարևոր հանգրվան է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ ուղիղ առևտրի արգելքի վերացմանը։
Նախարարը շատ կարևոր է համարում առևտրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որն այսօր էլ գոյություն ունի, թեև՝ միջնորդավորված կերպով։ «Եթե նախկինում փորձում էին ինչ-որ ապրանքներ Թուրքիայից արտահանել և Հայաստան ներմուծել, դա արվում էր հետևյալ կերպ. քանի որ ուղիղ արտահանման հնարավորություն չկար, այնտեղ գրանցվում էր, որ օրինակ՝ բեռը ցամաքային ճանապարհով որպես արտահանում տեղափոխվում է դեպի Վրաստան, այնտեղ մաքսազերծվում էր և գրանցվում որպես արտահանում Վրաստանից Հայաստան։ Սրանք լրացուցիչ ֆինանսական ծախսեր են, ինչն արտացոլվում է արդեն Հայաստանում արտադրանքի ինքնարժեքի վրա։ Այսուհետ ցանկացած ոք, ով ինչ-որ ապրանք է ներմուծում Թուրքիայից, կարող է դրանք ներմուծել ուղիղ Հայաստան», — մանրամասնել է նախարարը՝ հիշեցնելով, որ սահմանը դեռևս փակ է»։
«Բայց մենք առաջ ենք գնում այս ճանապարհով։ Մի օր սահմանն էլ կբացվի և ուղիղ արտահանում էլ կկատարվի», – հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Անկարայի որոշումը պետք է ազդեցություն ունենա ապրանքների գների նվազման վրա։ «Սա հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացում ևս մեկ կարևոր քայլ է։ ԱԳՆ խոսնակը ողջունել է այս քայլը», – հիշեցրել է Միրզոյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է կանգ առել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման պայմանավորվածության իրագործումը՝ նախարարը, ուղղակիորեն չի մեկնաբանել հարցը, այնուամենայնիվ կարծիք է հայտնել , որ «երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարելի է սպասել ամբողջական կարգավորման»։ Ըստ նախարարի՝ դեռևս կարող են լինել տարբեր տեխնիկական ու քաղաքական խոչընդոտներ, այդ թվում նաև Ադրբեջանի գործոնը, բայց, միևնույն է, «ուրախալի է տեսնել, թե ինչպես են, պատկերավոր ասած, հավաքվում «փազլի» առանձին կտորները»։
Որպես պայմանավորվածությունների մեկ այլ օրինակ՝ նախարարը նշել է Անիի կամրջի վերականգնումը՝ շեշտելով, որ այն մշակութային արժեք է, այլ ոչ թե տրանսպորտային հանգույց։ ԱԳՆ ղեկավարը թվարկել է նաև «Թուրքական ավիաուղիների» մուտքը կամ կրթաթոշակների տրամադրումը՝ ընդգծելով, որ գործընթացի վերջնական նպատակը Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալն է, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և, ընդհանուր առմամբ, նորմալ հարևանային հարաբերությունների ձևավորումը։
News.am
