Իրավապահներն այս պահին խուզարկում են երկու օր առաջ Շենգավիթում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու՝ Արտակ Ավետիսյանի տունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է Արտակ Ավետիսյանին և ի՞նչ խափանման միջոց է կիրառվել, փաստաբանը պատասխանեց. «Խափանման միջոց դեռևս չի ընտրվել, միջնորդություն են պատրաստում։ Մեղադրանք, կարծեմ արդեն առաջադրվել է։ Դեռևս չեմ շփվել քննչականի հետ, չգիտեմ, թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Ավելի ուշ մանրամասները ուղիղ եթերում կհայտնեմ»,–ասաց փաստաբանը։
Ավելի վաղ NEWS.am–ը տեղեկացրել էր, որ մայիսի 12–ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացի Արտակ Ավետիսյանին, ով բացականչում էր «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Նա պատրաստակամություն է հայտնել կամավոր նստել ոստիկանական մեքենան, սակայն իրավապահները, այդուհանդերձ, որոշել են նրան մեքենա նստեցնել ձեռնաշղթաներով։ Այդ ընթացքում քաղաքացին շարունակել է բացականչել «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Ի վերջո, ոստիկանները քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին։
Տեղեկացնենք, որ Արտակ Ավետիսյանը ձերբակալումից ժամեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որով Նիկոլ Փաշինյանին ժամադրել էր մեետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի հետևի այգում․ «Քեզ սպասում եմ, թռա՛ծ Նիկոլ, էդ ստուկաչներիդ հավաքի, արի ստեղ»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, մայիսի 12-ին իր թիմակիցների հետ նախընտրական քարոզարշավ է իրականացնում Շենգավիթում։
